Լիազորված տնտեսական օպերատոր
Լիազորված տնտեսական օպերատորը

Լիազորված տնտեսական օպերատորը Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող իրավաբանական անձ է, որն իրավունք ունի օգտվելու Օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պարզեցված ընթացակարգերից:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը իրավաբանական անձին տրվում է մաքսային մարմինների կողմից՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայական տալու միջոցով, և ճանաչվում է այն պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից տրվել է այդ կարգավիճակը:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը տրվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված իրավաբանական անձին, որի տարածքում այդ անձին տրվելու է այդ կարգավիճակը:



Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու պայմանները

Իրավաբանական անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու պայմաններն են՝
  1. մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը՝ մեկ միլիոն եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները՝ բացառությամբ հետևյալ դեպքի՝
    • ապրանքների արտադրության և (կամ) ապրանքների արտահանման գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվում դրանց՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխան լինելու դեպքում, մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովումը տրամադրում են հարյուր հիսուն հազար եվրո գումարին համարժեք չափով, որը հաշվարկվում է հիմք ընդունելով այդ ապահովումը տրամադրելու օրվա դրությամբ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված փոխարժեքները,
  2. արտաքին առևտրային գործունեության իրականացումը Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի, սակայն մաքսային մարմին դիմելու օրվանից առաջ մեկ տարուց ոչ պակաս ժամկետի ընթացքում,
  3. մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ մաքսային վճարների, տոկոսների, տույժերի վճարման գծով չկատարված պարտավորությունների բացակայություն,
  4. մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ հարկերի և հավաքագրումների վերաբերյալ օրենսդրությանը (հարկային օրենսդրությանը) համապատասխան պարտքերի (ապառքների) բացակայություն,
  5. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործի բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փաստերի բացակայություն մաքսային մարմին դիմելուց առաջ մեկ տարվա ընթացքում,
  6. ապրանքների հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն է տալիս մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմիններին ներկայացված տվյալները համադրել առևտրատնտեսական գործառնությունների իրականացման վերաբերյալ տվյալների հետ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան,
  7. այլ պահանջների հետ համապատասխանությունը և այլ պայմանների բավարարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:


Լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող հատուկ պարզեցված ընթացակարգերը


Լիազորված տնտեսական օպերատորին կարող է տրամադրվել հետևյալ հատուկ պարզեցված ընթացակարգերով աշխատելու հնարավորություն՝
  1. լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն,
  2. ապրանքների բացթողում մինչև Օրենսգրքի 197-րդ հոդվածով մաքսային հայտարարագիրը ներկայացնելը,
  3. ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում,
  4. Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր: