ՀՀ ՄՊԿ նախագահին կից գործող խորհրդատվական խումբ կամ Գործարար խորհուրդ
Մաքսային համակարգում բարեփոխումների առավել արդյունավետ իրականացման, ինչպես նաև մաքսային մարմինների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունն առավել կատարելագործելու նպատակով`  մաքսային կոմիտեն հանդիպումների շարք է նախաձեռնել ոչ միայն գործարար միջավայրի ներկայացուցիչների, այլև ՄՊԿ նախագահին կից գործող խորհրդատվական խմբի` Գործարար խորհրդի անդամների հետ: Խորհդի կազմը, որում ընդգրկված են հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ, այժմ համալրվել է նաև այնպիսի կառույցների ներկայացուցիչներով, որոնց աշխատանքը սերտորեն առնչվում է  մաքսային մարմինների հետ: 

Մայիսի 14-ին կոմիտեում խորհրդատվական խմբի` արդեն ընդլայնված կազմով առաջին հանդիպումն էր մաքսայինի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՄՊԿ նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը նախ ներկայացրեց կառույցի կողմից ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ապա  նաև` մաքսային վարչարարության կատարելագործման ուղղությամբ  իրականացվելիք միջոցառումների ծրագիրը` նշելով, որ խորհրդի միջոցով պետք է առավել արդյունավետ իրականացվի մաքսայինի կապը բիզնես միջավայրի հետ և համատեղ աշխատանքներ տարվեն` մաքսային գործընթացների պարզեցման, մաքսային մարմիններում հերթերն ու կուտակումները նվազեցնելու ուղղությամբ:

Նման հանդիպումներն ու քննարկումները ԱՏԳ իրականացնողների հետ արդեն պարբերական բնույթ են կրում: Այդ ընթացքում նրանց կողմից առաջ քաշված հարցերն անպայման հաշվի են  առնվում և ամփոփվում` հետագայում ՄՊԿ ծրագրերում ներառելու նպատակով:

Գ. Խաչատրյանը կարևորեց համակարգի տեխնիկական վերազինման, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով մաքսային մարմինները պրոֆեսիոնալ և   օտար լեզուների վարժ իմացությամբ կադրերով համալրելու հարցը` հավաստիացնելով, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում` մաքսային պահեստները  զննող սկաներներով, ռենտգեն սարքավորումներով, ռադիոակտիվ կամ օզոնային շերտը քայքայող նյութեր հայտնաբերող սարքավորումներով, կշեռքներով և արագ ու արդյունավետ զննման համար անհրաժեշտ այլ սարքավորումներով վերազինելու ուղղությամբ: Տեխնիկական վերազինման շնորհիվ   հնարավոր կլինի կրճատել մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը,  բարելավել մատուցվող ծառայությունների և սպասարկման պայմանների որակը, ինչն այժմ համակարգի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից է:

Բացի այդ, առաջիկայում նախանշված են կոնկրետ միջոցառումներ, որոնց իրագործումը   նպաստելու  է մաքսային համակարգում աշխատանքի կտրուկ բարելավմանը: Մասնավորապես, խնդիր է դրված Մեղրիի մաքսակետի օրինակով բեռնարկղային հրապարակներ կառուցել մյուս բոլոր մաքսակետերում և մաքսային տերմինալներում: Իսկ Մեղրիում արդեն օրերս կավարտվեն բեռնարկղային հրապարակում ամբարձիչ կռունկների տեղադրման աշխատանքները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մի բեռնատարից մյուսը կոնտեյներների բարձման և վերաբարձման գործընթացն իրականացնել  6-7 րոպեում` ներկայում  գործող 6-7 ժամվա փոխարեն, ինչի հետևանքով մեքենաները հարկադրված են լինում սպասել: Բեռնարկղային հրապարակի առկայության դեպքում տրանսպորտային միջոցների համար հնարավորություն կստեղծվի արագորեն բեռնաթափել   բեռնարկղերը և ներմուծել բեռների նոր խմբաքանակներ: Արդյունքում կաճի ապրանքնաշրջանառությունը, իսկ տրանսպորտային միջոցների հերթեր և կուտակումներ չեն լինի:

Ինչպես տեղեկացրեց Գագիկ Խաչատրյանը, առաջիկայում նախատեսվում է նաև մաքսային համակարգում ներդնել տրանսպորտային միջոցների հսկողության այնպիսի համակարգ, որը կղեկավարվի մեկ կենտրոնի կողմից և հսկողություն կիրականացվի հանրապետություն մուտք գործող կամ տարանցիկ մաքսային ռեժիմով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Համակարգի միջոցով հնարավոր կլինի հետևել, թե ինչպես են ընթանում   մաքսային ձևակերպումները մաքսակետերում, և որքան ժամանակում են դրանք իրականացվում, այսինքն`  վերահսկել   ողջ գործընթացը:
Գագիկ Խաչատրյանը խմբի անդամներին տեղեկացրեց, որ համակարգում փոփոխություններ են նախատեսվում նաև կառուցվածքային առումով, մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում ստեղծել վերլուծական և ռիսկերի գնահատման կենտրոն, որի միջոցով նաև լուծումներ կառաջարկվեն մաքսայինի կողմից որդեգրված բարեփոխման քաղաքականության իրականացման ընթացքում ծագող շատ հարցերի: Կենտրոնը նաև հնարավորություն կընձեռի` ձևավորել իմիջային կազմակերպությունների ցանց: Այսինքն` այն կազմակերպությունները, որոնք տարիների ընթացքում աչքի են ընկել  օրինապահությամբ, կանցնեն   առավելագույնս պարզեցված մաքսային ընթացակարգերով:

Նախատեսվում են նաև այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց դեպքում զննում իրականցնող տեսուչը իրավասու չի լինի ձևակերպում կատարել և հակառակը: Այս քայլերը հիմնականում միտված են համակարգում կոռուպցիոն դրսևորումների և չարաշահումների վերացմանը, ինչպես նաև մաքսանենգության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացմանը: Աշխատանքներ են տարվում նաև հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այդ նպատակով ՄՊկ-ն արդեն կառավարություն է ներկայացրել «Ստուգումների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

Մաքսային համակարգի առջև   խնդիր է դրված ներմուծումների ընդհանուր շրջանառության մեջ ավելացնել ներմուծման այն մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը, որոնց մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով: Առաջնահերթ հարց է նաև մինչ այժմ միայն օդանավակայանում գործող`    մեկնող և ժամանող քաղաքացիների մաքսային հսկողության երկուղային համակարգի /կարմիր և կանաչ/ ներդրումը մյուս բոլոր մաքսակետերում ևս` սահմանի վրա մաքսային գործընթացներն առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով: Նաև որոշակի քայլեր են մշակվում` թե արտահանման և թե ներմուծման ժամանակ մաքսային ընթացակարգերի և մաքսային վճարների գանձման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ` վճարման փաստաթղթերի կրճատման միջոցով: Այդ գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է:

Հերթերից և կուտակումներից զերծ մնալու, ինչպես նաև մաքսային պահեստներում աշխատանքը կանոնակարգելու, մաքսային ձևակերպումների շղթայի տևողությունը կրճատելու և այն առավել պարզեցնելու նպատակով` առաջիկայում` ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնմանը զուգընթաց,  քայլեր կձեռնարկվեն մաքսային բրոքերներին ձևակերպումների գործընթացում ակտիվորեն ներգրավելու և բրոքերային  ցանցի ընդլայնման ուղղությամբ, որպեսզի բրոքերները հնարավորություն ունենան  էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագիր ներկայացնել անմիջապես մաքսային պահեստներից:  Ի դեպ, օրակարգում է նաև մաքսային փակ պահեստ ստեղծելու հարցը: Հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը` աշխատանքներ կտարվեն անհրաժեշտ տեխնիկակական հագեցվածությամբ այնպիսի պահեստ ստեղծելու ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի կենտրոնացնել նաև հավաքական, կամ այսպես կոչված տուրիստական բեռների զննման ողջ գործընթացը:

Ներկայում խիստ պահանջ է դրված  հանրապետություն հավաքական բեռներ ներմուծող կազմակերպությունների առջև` մաքսավորներին  ներկայացնել ապրանքի նկարագիրը` անհրաժեշտ փաթեթավորմամբ, տեսակավորումով և անպայման` կից մասնացուցակով, որտեղ մանրամասն նշված կլինի ապրանքի անվանումը, քաշը և այլն: Այսինքն` կոմիտեի ուշադրության կենտրոնում է գտնվում ապրանքի նկարագրի ճիշտ ձևակերպման դաշտը, որն առանձնապես կարևորվում մաքսանենգության դեմ արդյունավետ պայքար մղելու առումով:

Ի դեպ, քննարկման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները անդրադարձան մի հարցի, որը մտահոգում է հասարակության լայն շրջանակների, այն է` թե հանրապետությունում լուրեր են տարածվում, որ ոչ բոլորը կարող են անարգել ապրանք ներմուծել կամ արտահանել, քանի որ  մաքսայինը իբրև թե արհեստական խոչընդոտներ է ստեղծում որոշ ներկրողների նկատմամբ: ՄՊԿ նախագահի պաշտոնակատարը ևս մեկ անգամ   պաշտոնապես հայտարարեց, որ մաքսային մարմինները արհեստական սահմանափակումներ չեն կիրառում ոչ ոքի նկատմամբ. բոլորը հավասարապես կարող են ներմուծել և արտահանել ցանկացած ապրանք, բացի օրենքով նախատեսվող որոշ սահմանափակումների:

Գ. Խաչատրյանը  տեղեկացրեց նաև, որ ԱՏԳ իրականացնողների հարկային պարտավորությունների կատարման հետագա ընթացքն ապահովելու համար` Հարկային պետական ծառայության հետ համատեղ ստորագրվել է հրաման` տեղեկատվության առավել արագ փոխանակման համար:

Կոմիտեի նախագահի պաշտոնակատարը խորհրդատվական խմբին հավաստիացրեց, որ նման հանդիպումները  շարունակական են լինելու և կազմակերպվելու են յուրաքանչյուր ամիս: