ԵՏՄ շրջանակներում գործող արտահանման ԵՎ ներմուծման ընթացակարգեր
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք են ներմուծվում համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված մաքսային ընթացակարգերի: Դրանք են`
  • «Բացթողում ներքին սպառման համար»
  • «Մաքսային պահեստ»
  • «Վերամշակում` մաքսային տարածքում»
  • «Վերամշակում` ներքին սպառման համար»
  • «Ժամանակավոր ներմուծում
  • «Վերաներմուծում»,
  • «Անմաքս առևտուր»,
  • «Ոչնչացում»,
  • «Հրաժարում` հօգուտ պետության»,
  • «Ազատ մաքսային գոտի»,
  • «Ազատ պահեստ»,
  • «Հատուկ մաքսային ընթացակարգ»:
Եվրասիական տնտեսական միության տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ դրանք կարող են հանձնվել ժամանակավոր պահպանության ` համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 25-րդ գլխի: Ժամանակավոր պահպանության ժամկետը կազմում է երկու ամիս, որը կարող է նաև երկարաձգվել: Ժամանակավոր պահպանության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 4 ամիսը:

Մաքսային հայտարարագիրը ներկայացվում է նախքան ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտը, եթե Մաքսային միության մաքսային օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

Ապրանքների բացթողումը պետք է իրականացվի մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսգրքով: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային հայտարարագրի գրանցման պահից մինչև 10 աշխատանքային օր:



ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
 ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ
Ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ են արտահանվում համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված մաքսային ընթացակարգերի: Դրանք են`
  • «Արտահանում»,
  • «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս»,
  • «Ժամանակավոր արտահանում»,
  • «Վերաարտահանում»:

Մաքսային հայտարարագիրը արտահանվող ապրանքների համար ներկայացվում է մինչև Մաքսային միության մաքսային տարածքից դրանց մեկնումը, եթե Մաքսային միության մաքսային օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների բացթողումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում արտահանման մաքսատուրքեր, ինչպես նաև «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների բացթողումը, որոնց ցանկը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից, պետք է իրականացվի ոչ ուշ, քան մաքսային հայտարարագրի գրանցման պահից 4 ժամվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 ժամը, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում:



ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքները արտահանվում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ապրանքները ներմուծվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, բացառությամբ խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով, ջրային կամ օդային ուղիներով տեղափոխվող ապրանքների` համաձայն` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 5-րդ հավելվածի: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումից հետո նշանակման մաքսային մարմնի կողմից չեն իրականացվում նման ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ դրանց մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնություններ:

Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ապրանքների տեղափոխման դեպքում անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելվածով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով:

Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միայն հետևյալ փաստաթղթերը`
  1. արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը,
  2. ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը, իսկ եթե ապրանքները ներմուծման պետությունում ձևակերպվում են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով, ապա հայտարարության (հայտարարությունների ցանկի) փոխարեն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ներմուծման պետության մաքսային մարմնի վավերացրած մաքսային հայտարարագրի պատճենը, որի համաձայն, ներմուծված ապրանքները ձևակերպվել են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը`
  1. ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
  2. ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ: