Ապրանքների դասակարգում
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)


Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 16.07.2012թ.-ի թիվ 54 որոշում): Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հիմնվում է Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա: Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգը (Harmonizet Commodity Description and Coding System-HS) ընդունվել է համաձայն 1984թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի մասին» միջազգային կոնվենցիայի և պաշտոնապես ճանաչված է աշխարհի ավելի քան 150 երկրներում, 1988թ. հունվարի 1-ից: Համաձայն ներդաշնակեցված համակարգի (ՆՀ), ֆիզիկապես շարժունակ ցանկացած ապրանքատեսակ դասակարգված է ապրանքային 21 բաժիններում (դրանք նշվում են հռոմեական թվանշաններով` I-XXI): Ապրանքների դասակարգումն այս կամ այն բաժնում հիմնականում ելնում է տվյալ ապրանքի ճյուղային պատկանելիությունից կամ այն նյութից, որից տվյալ ապրանքը պատրաստված է, իսկ որոշ դեպքերում նաև նրա նպատակային նշանակվածությունից: ՆՀ-ում յուրաքանչյուր ապրանք ունի վեց նիշից բաղկացած ծածկագիր, որտեղ առաջին երկու նիշերը ցույց են տալիս ապրանքային խումբը (ՆՀ-ում կա 97 ապրանքային խումբ` 01-ից 97, այդ տվում 77-րդ խումբը հանդիսանում է պահուստային), հաջորդ երկուսը` ենթախումբը կամ ապրանքային դիրքը և վերջին երկուսը` ենթադիրքը: Այսպիսով, ցանկացած ապրանքատեսակի վերջնական նկարագիրը, համաձայն ՆՀ-ի, տրվում է այս վեց նիշերի օգնությամբ: ՆՀ համակարգը, ելնելով տվյալ երկրի ազգային առանձնահատկություններից և մաքսային սակագնի պահանջներից, ապրանքների դասակարգումն ավելի մանրամասնեցնելու նպատակով թույլ է տալիս առկա վեց նիշերին ավելացնել ցանկացած քանակի նիշեր` առանց ՆՀ-ի կառուցվածքի փոփոխության: Դրանից ելնելով ՆՀ համակարգի բազայի վրա Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների համար մշակվել է այսպես կոչված «Ապրանքների Կոմբինացված Անվանացանկ»` ԿԱ (Combinized Nomenclature of EC-CN), ավելացնելով ևս երկու նիշ: ԿԱ-ի հիման վրա մշակվել և 1995թ. նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրվել է «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԱՏ ԱԱ) մասին» համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետությունում համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Նախագահի 2000թ. հուլիսի 3-ի թիվ ՆՀ-626 հրամանագրով: Այսպիսով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի հիմքում դրված է ՆՀ-ն և ԿԱ-ն: Առաջին վեց նիշերը համապատասխանում են ՆՀ-ին, 7-րդ և 8-րդ նիշերը` ԿԱ-ին, 9-րդ նիշը` ԱՊՀ ԱՏ ԱԱ-ին, իսկ 10-րդ նիշը նախատեսված է ազգային մակարդակով ապրանքների առավել դետալիզացված դասակարգման նպատակով:

Միջազգային առևտրի բնագավառում տեղի ունեցող զարգացումներին (նոր ապրանքատեսակների, նյութերի, տեխնոլոգիաների ի հայտ գալուն և այլն) զուգահեռ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ն պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների: Գործող միասնական մաքսային սակագնին և ապրանքների ծածկագրերին ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կարող եք ծանոթանալ http://www.eurasiancommission.org/ru/act/trade/catr/ett/Pages/default.aspx ինտերնետային հղումով:

Շնորհիվ իր կառուցվածքի և օգտագործման հարմարության, ԵԱՏՄ ԱՏԳ ապրանքային անվանացանկը հնարավորություն է ընձեռում.
  • իրականացնել ապրանքների դասակարգում համաշխարհային առևտրում և վարել արտաքին առևտրի վիճակագրություն,
  • կիրառել մաքսային վճարներ` մաքսատուրքեր, ակցիզային և ավելացված արժեքի հարկեր, հաստատագրված և բնապահպանական վճարներ տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ,
  • վերացնել արտաքին առևտրի խոչընդոտները:
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ն հստակորեն ղեկավարվում է որոշակի ապրանքային խմբում ապրանքների միարժեք դասակարգման սկզբունքով` հիմնվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ բաժինների, խմբերի և կոնկրետ ապրանքային դիրքերի, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 6 կանոնների վրա:

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման առաջին և հիմնական կանոնի համաձայն` բաժինների, խմբերի եւ ենթախմբերի անվանումները նշվում են միայն ԱՏԳ ԱԱ–ից օգտվելու հարմարության համար. իրավաբանական նպատակներով ապրանքների դասակարգումը ԱՏԳ ԱԱ–ում իրականացվում է՝ ելնելով ապրանքային դիրքերի տեքստերից եւ բաժինների կամ խմբերի համապատասխան ծանոթագրություններից, եւ եթե այդ տեքստերով այլ բան նախատեսված չէ, ապա՝ վերոնշյալ կանոնների դրույթներին համապատասխան:

Հարկ է նշել նաև, որ, համաձայն Մաքսային Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի, ապրանքների դասակարգման ճշտությունը ստուգվում է մաքսային մարմինների կողմից: Ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերման դեպքում մաքսային մարմինն ինքն է իրականացնում ապրանքների դասակարգումը և որոշում է ընդունում ապրանքների՝ այն ձևով դասակարգման վերաբերյալ, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ինչպես նաև, ապրանքների դասակարգման համար պարտադիր չեն ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք նշված են առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և (կամ) այլ փաստաթղթերում, բացառությամբ վերոնշյալ Օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձաքննության արձանագրություններում, որոնք տրվում են փորձագիտական հիմնարկների կողմից:

Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` վերադաս մաքսային մարմինն ընդունում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ՝ Միության մաքսային օրենսգրքի համաձայն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում (ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը սահմանելու մասին» թիվ 220-Ն հրաման):

Համաձայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, բոլոր ապրանքների չափման համար, որպես չափման հիմնական միավոր, կիրառվում է կիլոգրամը (կգ), իսկ որոշ դեպքերում, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկություններից, կիրառվում են նաև չափման լրացուցիչ միավորներ (օրինակ` լիտր, հատ, հազար հատ, զույգ և այլն):

Ծածկագիրը հայտարարագրերում արծածվում է
մաքսային հայտարարագրի (ՄՀ) 33-րդ սյունակում


Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման հարցերով ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին դիմելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` մաքսային հայտարարագիր ընդունող մաքսային մարմինը պետք է դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժին ՊԵԿ ռադիոկապի էլեկտրոնային կապուղիներով տվյալներ ներկայացնի ապրանքի վերաբերյալ: Այդ տվյալները պետք է ներառեն ապրանքի մանրամասն նկարագիրը (մակնիշը, մոդելը, տեխնիկական տվյալները` քաշը, ծավալը, հզորությունը և այլն), ծագման երկիրը, արտահանման երկրում ապրանքներ ձեռք բերելու գինը, տեղափոխման և այլ ծախսերը և ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի` առնվազն քառանիշ ծածկագիրը: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկություններ ներկայացնելիս` անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթերթիկի բոլոր սյունակները և այն վավերացնել ուղարկող տեսուչի անձնական կնիքով:

Վերոհիշյալ տեղեկատվությունը լիարժեք կերպով ապահովելու դեպքում ծածկագրերի տրամադրումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում: