Մաքասային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն օժանդակելու ընթացակարգ
Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ռեժիմով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

Կասեցման դիմում չի կարող  ներկայացվել`
  • «տարանցիկ փոխադրում» ռեժիմով մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
  • ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վրա.
  • մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք օրինական ճանապարհով որևէ երկրի ապրանքային շուկայում շրջանառության մեջ են մտցվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

Կասեցման դիմումը ներառում է.
  • մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում`նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.
  • այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող է պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.
  • ըստ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).
  • երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.
  • հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.
  • պարտավորություն` իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն կետի «ե» ենթակետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին`մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ երաշխիքի տրամադրմամբ.
  • դիմողի անվանումը և գտնվելու վայրը:

Կասեցման դիմումը  ներկայացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված ձևով:

Դիմումը ներկայացնելիս, իրավատերը պարտավոր է`
  • դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.
  • մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: