Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի բարեփոխումների, վարչարարության զարգացման ուղղությունների, դրանց ընթացքի ու արդյունքների քննարկման նպատակով ստեղծված Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) կազմում ընդգրկվել են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տ. Դավթյանը, ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վ. Բարսեղյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Չիլինգարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Շաբոյանը: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  վարչապետ Տ.Սարգսյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում ասել է մասնավորապես հետևյալը.
                                
«Ձեզ հետ հերթական այս հանդիպմանը ես պետք է անեմ չորս հայտարարություն: Քսան օր առաջ հանրապետության նախագահը հրավիրել էր մեծ խորհրդակցություն` խոշոր, միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ մենք քննարկեցինք հարկային եւ մաքսային վարչարարության հիմնախնդիրները, եւ հանրապետության նախագահի հիմնական ուղերձը, որ ցանկանում էր հնչեցնել, այն էր, որ պետության եւ մասնավոր հատվածի շահերը բիզնեսի ոլորտում համընկնում են. այսինքն` մենք պետք է արագ զարգացման հնարավորություն ապահովենք բիզնեսի համար: Հանրապետության նախագահի հանձնարարականով մշակված է հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման համալիր ծրագիր, որն իր հիմնական դրույթներով մենք արդեն իսկ ներկայացրել ենք հանրության դատին: Այդ ծրագիրն անցել է միջազգային փորձաքննություն եւ արժանացել մասնագետների բարձր գնահատականին:

Առաջին հայտարարությունը, որ ուզում եմ անել, հետեւյալն է. ծրագրով նախատեսված էր, որ հանրապետության վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որն ամբողջ կազմով այսօր այստեղ է, եւ մենք հանրությանը ներկայացնում ենք, որ այդ խորհուրդը ստեղծված է: Խորհրդի խնդիրն է` համակարգել հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումները, վերահսկել այդ գործընթացը եւ մշտական կապի մեջ լինել հանրության ու բիզնեսի ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ:

Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ բարձրագույն խորհրդին կից ստեղծվում է մոնիտորինգի խումբ, որը ղեկավարելու է Արամ Ղարիբյանը: Մեր քաղաքացիները կարող են այն հեռախոսահամարով, որն իրենց ներկայացվելու է եւ այն էլեկտրոնային հասցեով, որը ներկայացվելու է հանրությանը, իրենց բոլոր դիտողությունները, առաջարկությունները ներկայացնել, որոնք դառնալու են բարձրագույն խորհրդի քննարկման առարկա: Դրանով մենք ապահովելու ենք փոխադարձ կապ հանրության հետ` թե ինչպես է իրականացվում մեր համալիր ծրագիրը, ինչպիսի դրական կամ բացասական հետեւանքներ են դիտարկվում բարեփոխումների ընթացքում, եւ այդ օպերատիվ կապի շնորհիվ` ապահովելու ենք բարեփոխումների սահուն ընթացքը:

Երրորդ հայտարարությունը վերաբերում է մեր կարեւորագույն առաջնահերթություններից մեկին: Այն է` առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր եւ միջին բիզնեսը պետության համար լինելու է գործընկեր եւ զգալու է, որ պետության կողմից կա լիակատար աջակցություն, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Այդ նպատակով մենք հայտարարում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման տարածքային կենտրոնները, որոնք բոլոր մարզերում գործում են, աջակցելու են փոքր ու միջին բիզնեսին` նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության ծրագրերը ներդնելու գործում: Սա նշանակում է, որ էլեկտրոնային կամ հեռախոսային այն հասցեներով, որ մենք տրամադրելու ենք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք կարող են օգտվել այդ կենտրոնների ծառայություններից եւ այսուհետ այդ կենտրոնները նաեւ խորհրդատվություն ու տեղեկատվություն են տրամադրելու նրանց` մեր բարեփոխումների տրամաբանության մասին, ինչպես նաեւ օժանդակելու են փոքր եւ միջին բիզնեսին: Մասնավորապես, հիմնական սկզբունքները հետեւյալն են` վարչարարությունը փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում մենք հասցնելու ենք նվազագույնի: Օժանդակությունը, այդ թվում` նաեւ հասանելի վարկերի ձեւով, հասցնելու ենք առավելագույնի: Եվ երրորդը` ստեղծելու ենք այնպիսի միջավայր, որ հարկային մարմինների հետ փոքր եւ միջին բիզնեսի շփումներն իրականացվեն մասնագիտացված կառույցների կողմից, որոնց ծառայությունների գների նվազման ուղղությամբ կառավարությունը ձեռնարկելու է լրացուցիչ լուրջ միջոցառումներ:

Եվ չորրորդ հայտարարությունը, որը միգուցե ամենակարեւորն է, այն է, որ ես անկեղծորեն խնդրում եմ զանգվածային լրատվական միջոցներից եւ հանրությունից աջակցություն: Աջակցություն, որպեսզի մեր բարեփոխումներն իրականություն դառնան: Հասկանալի է, որ այդ բարեփոխումներն իրականություն կդառնան, եթե լինի վստահություն, վստահություն` ձեր կողմից»: