Տեղեկատվություն զբոսաշրջիկների համար
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են հայտարարագրման:

Հայտարարագրումն իրականացվում է գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:         Զբոսաշրջիկները մաքսային սահմանը հատելիս իրենց կողմից տեղափոխվող ուղեկցող բեռի մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացնեն ուղեկցող բեռը մաքսային մարմինների հսկողությանը ներկայացնելու հետ մեկտեղ, մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության միջոցների իրականացումը:

Այն դեպքում, երբ զբոսաշրջիկի կողմից որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվում են ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 50  կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը 150 հազար դրամը, լրացվում է մաքսային հայտարարագիր, իսկ վերոնշյալ բնաիրային և արժեքային չափերը չգերազանցելու դեպքում, եթե ուղեբեռում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, լրացվում է  ուղևորային մաքuային հայտարարագիր:

ՀՀ միջազգային օդանավակայաններով, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող և ժամանող զբոսաշրջիկների կողմից տեղափոխվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառվում է մաքսային հսկողության պարզեցված` երկուղային համակարգ, որը բաղկացած է “Կարմիր” և “Կանաչ” ուղիներից:

“Կարմիր” ուղին նախատեuված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ինչպես նաև այն ուղևորների համար, ովքեր չունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ` ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքuային հայտարարագիր:

“Կանաչ” ուղին նախատեuված է այն ուղևորների համար, որոնք չունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ:
Ուղևորի կողմից “Կանաչ” ուղին ընտրելը և “Կանաչ” ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:


ԱՐԳԵԼՔՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

“Արտահանում` ազատ շրջանառության համար”, “Ժամանակավոր արտահանում”, “Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար” և “Ներմուծում անմաքս առևտրի խանութ” մաքսային ռեժիմներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքներն են.

1)Պետական գաղտնիք պարունակող նյութերը,
2)ՀՀ-ում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքները: 

Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն "Ոչնչացում" մաքuային ռեժիմը: Այլ մաքuային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանով տեղափոխումն արգելվում է:

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող զբոսաշրջիկը բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող է ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը  չգերազանցող չափով  դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

Զբոսաշրջիկներն իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ-ից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

Զբոսաշրջիկներն իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ ներմուծել մինչև 15 հազար եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Վերոնշյալ գումարը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:


ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զբոսաշրջիկները կարող են առանց մաքսային վճարների վճարման` որպես ուղեկցող բեռ, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50  կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը:

ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն` ուղեկցող բեռ է համարվում ֆիզիկական անձանց հետ միաժամանակ ՀՀ մաքսային սահմանը հատող, ինչպես նաև ֆիզիկական անձից անկախ պատճառներով ուշացած կամ ՀՀ մաքսային սահմանը հատելու պահին կորսված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված բեռը:

Նշված բնաիրային և արժեքային սահմաններում զբոսաշրջիկներն  առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել ապրանքներ` ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 29-ի թիվ 251 որոշմամբ սահմանված չափերով:

Նույն անձը նշված արտոնությունից կարող է օգտվել 180 օրվա ընթացքում մեկ անգամ:

Զբոսաշրջիկները կարող են առանց մաքսային վճարների վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք չունեն գործարանային փաթեթավորում և պիտակավորում: