Համագործակցություն ԵՄ կառույցների հետ
Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ):


Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագիրը: Ծրագրով նախատեսված մաքսային համակարգին վերաբերող միջոցառումները թվով 4 են եղել, որոնք ամբողջովին կատարվել են:

Եվրոպական հարևանության քաղաքականություն (ԵՀՔ) = European Neighbourhood Policy (ENP)


Սահմանների համալիր կառավարում

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դեռս 2009 թվականից ակտիվորեն ներգրավված է ինչպես Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման, այնպես էլ ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում սահմանների համալիր կառավարման ծրագրերում: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը իրականացնում է բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրոպական զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող սահմանների համալիր կառավարման սկզբունքներին, մասնավորապես նախատեսվում է սահմանների համալիր կառավարման առանձնահատկությունները հաշվի առնելով` ամբողջովին վերակառուցել և ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ապահովել հայ-վրացական պետական սահմանի անցման 3 կետերը: Այդ նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հայտարարվել էր միջազգային մրցույթ` «Բագրատաշեն», «Բավրա» «Գոգավան» սահմանային անցման կետերի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Հայ-վրացական 3 սահմանային անցակետերի վերակառուցման նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից հայտարարվել է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» «Գոգավան» սահմանային անցակետերի նախագծման շինարարության նախաորակավորման հրավերի միջազգային մրցույթ: Բացի այդ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ծրագրի շրջանակներում իրականացվող տարբեր ազգային և տարածաշրջանային դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների, որոնց նպատակն է էլ ավելի արդյունավետ կազմակերպել և ներդնել սահմանների համալիր կառավարման սկզբունքները ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային համակարգում: Ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները արտացոլված են նաև ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրում, որի նպատակն է պետական սահմանի համալիր կառավարման սկզբունքներին համահունչ բարեփոխումներ իրականացնել օրենսդրական, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, անձնակազմի պատրաստման և վերապատրաստման, կապի և տեղեկատվության փոխանակման, ենթակառուցվածքների ու սարքավորումների ստեղծման ուղղություններով ինչպես միջգերատեսչական, այնպես էլ ներգերատեսչական մակարդակներում:

Բացի այդ, 2011 թվականի մայիսի 18-ին ՀՀ Նախագահի ՆԿ-92-Ն կարգադրությամբ հաստատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային համակարգի բարեփոխումների 2011-2013 թվականների ծրագիրը: Ծրագիրն իր մեջ պարունակում է առանձին բաժին, որն ուղղված է պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ներդրմանը:

Սահմանների համալի կառավարում (ՍՀԿ) = Integrated Border Management (IBM) 


Թվինինգ ծրագիր

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը միշտ էլ կարևորել է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներն ինչպես օրենսդրական, այնպես էլ կիրառական ոլորտներում: Այդ ուղղությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրոպական զարգացած երկրներում կիրառվող լավագույն մեթոդներին և սկզբունքներին համահունչ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դեռս 2009 թվականին սահմանված ընթացակարգով դիմել է Եվրոպական Միության` Թվինինգ ծրագրի հայտ ներկայացնելով: Արդյունքում ՀՀ ԿԱ ՊԵԿի կողմից ներկայացված հայտը ընդունվել է և հավանության արժանացել: Թվինինգ ծրագրի վերնագիրն է «Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում»: Թվինինգ ծրագիրն իրականացնելու համար հայտեր էին ներկայացվել.
  • Դանիայի և Էստոնիայի մաքսային ծառայություններից` համատեղ,
  • Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայություններից` համատեղ,
  • Իտալիայի մաքսային ծառայությունից:
Ուսումնասիրության գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել Լիտվայի և Ֆինլանդիայի համատեղ հայտը: 2011 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը գործուղվել է ք.Հելսինկի և ք.Վիլնյուս` ՊԵԿ-ում մեկնարկելիք Թվինինգ ծրագրի նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ Լիտվայի մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց հետ, որի արդյունքում վերջնականացվել է Թվինինգ խորհրդատուի գործունեության պայմանագիրը: Այնուհետ համապատասխան հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում Թվինինգ խորհրդատուի գործունեության պայմանագրի վերջնականացման նպատակով, որից հետո 2011 թվականի նոյեմբերի 30-ին վերոնշյալ պայմանագիրը ներկայացվել է Եվրոպական պատվիրակության երևանյան գրասենյակ` հաստատման նպատակով: Ներկայումս Թվինինգ պայմանագիրը գտնվում է հաստատման փուլում: Թվինինգ ծրագիրը կմեկնարկի 2012 թվականին:


Եվրոպական Միության Խորհրդատվական Խումբ

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ակտիվ համագործակցում է նաև ՀՀ-ում Եվրոպական Միության Խորհրդատվական Խմբի հետ: Համագործակցության աշխատանքների նպատակն է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքում, առաջարկներ, առաջացող խնդիրներին լավագույն լուծումներ և խորհրդատվություններ ստանալ ԵՄ ԽԽ-ից: Այդ նպատակով ԵՄ ԽԽ մաքսային հարցերով փորձագետի հետ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, փորձագետին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հատկացվել է համապատասխան գրասենյակ` խորհրդատվական աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Եվրոպական Միության Խորհրդատվական Խումբ (ԵՄԽԽ) = Europian Union Advisery Group (EUAG)


Արտոնությունների ընդհանուր համակարգ զարգացած երկրների կողմից
 
Արտոնությունների ընդհանուր համակարգը (ԱԸՀ) կամ, ինչպես ասում են անգլերեն՝ Generalized System of Preferences (GSP), մաքսային արտոնությունների համակարգ է, որոնք երկիրը միակողմանիորեն տրամադրում է զարգացող երկրներում ծագած արտադրանքներին: Մաքսի դրույքաչափերը իջեցվում են կամ դարձվում զրոյական:

ԱԸՀ–ին սկիզբ է դրվել 1968թ. ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի շրջանակում` զարգացող երկրներին աջակցելու նպատակով: Հայաստանին ԱԸՀ-ով արտոնություններ են տրամադրում մասնավորապես ԱՄՆ-ն, ճապոնիան և Եվրամիությունը։
Եվրամիության ԱԸ համակարգը ներառում է արտոնությունների երեք առանձին կարգեր.
  • սովորական` GSP,
  • հատուկ` GSP+ (կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը խրախուսող հատուկ պայմաններով),
  • ամեն ինչ բացի զենք-զինամթերքից:
Եվրամիության «GSP+»-ը հատուկ կարգ է, որը կոչված է խրախուսելու կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը և այդ նպատակով ավելի լայն արտոնություններ է տրամադրում: Մասնավորապես, շատ ավելի մեծ թվով (մի քանի հազար տեսակ) լրացուցիչ ապրանքներ ազատվում են մաքսերի կիրառումից: Սովորական GSP-ով կան վերապահումներ այսպես կոչված զգայուն ապրանքների նկատմամբ, և մաքսերն էլ համեմատած «GSP+»-ի հետ ավելի քիչ են նվազեցվում։

2009-2011 թթ. Հայաստանն ընդգրկվել է GSP+ -ի տակ ընկնող երկրների ցանկ (համաձայն ԵՄ-ի հանձնաժողովի` 2008 թ.-ի դեկտեմբերի 8-ի որոշման):
GSP+-ի տակ ընկնում են այն երկրները, որոնք.
  • վավերացրել ու կիրարկում են մի շարք միջազգային կոնվենցիաներ,
  • ընդունում կամ թույլատրում են այդ կոնվենցիաների կիրարկման պարբերական դիտանցումներ ու վերանայում,
  • դիտարկվում են որպես խոցելի երկիր:
Որպես խոցելի դիտարկվում է այն երկիրը.
  • որը երեք հաջորդական անընդմեջ տարիների Համաշխարհային դրամատան կողմից չի համարվում բարձր եկամուտով երկիր,
  • որտեղից դեպի ԵՄ` GSP-ի տակ ընկնող հինգ ամենամեծ բաժինների ներմուծումը մեծ է GSP-ի տակ ընկնող ամբողջ ներմուծման 75 տոկոսից (արժեքով)
  • որտեղից դեպի ԵՄ` GSP-ի տակ ընկնող ներմուծումը փոքր է, քան ԵՄ GSP ապրանքների ամբողջ ներմուծման 1 տոկոսը:

Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ 

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանը և Եվրամիությունը պայմանավորվածություններ ունեն խորացնելու և ընդլայնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:

Ներկայումս Հայաստան-Եվրամիություն առևտրա–տնտեսական հարաբերությունների զարգացման օրակարգում է ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի (ԱԱԽՀՀ) բանակցությունների անցկացման հարցը։

ԱԱԽՀՀ-ն ազատ առևտրի համաձայնագրերի նոր տեսակ է, որի շրջանակը շատ ավելի լայն է, քան ազատ առևտրի ավանդական համաձայնագրի շրջանակը։ ԱԱԽՀՀ–ն նպատակ ունի նպաստելու ոչ միայն ապրանքների առևտրի, ծառայությունների ու ներդրումների ազատականացմանը, այլ նաև համագործակցությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները, սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության միջոցները, մտավոր սեփականության պաշտպանությունը, պետական գնումները, էներգետիկան, մրցակցությունը, մաքսային դաշտը: Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրերով նախատեսվում է նաև առևտրին առնչվող օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության համապատասխան օրենսդրության հետ։

Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի (ԱԱԽՀՀ) = Deep and Comprehensive Free Trade Agreement (DCFTA)