Անդամակցություն ՀՄԿ
Համաշխարհային մաքսային կազմակերպության պատմությունն սկիզբ է առնում 1947թ-ից, երբ Եվրոպական տնտեսական համագործակցության 13-րդ հանձնաժողովում համաձայնություն տրվեց ստեղծել ուսումնասիրության խումբ: Վերջինիս խնդիրն էր ուսումնասիրել Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի սկզբունքների վրա հիմնված մեկ կամ մի քանի ներեվրոպական մաքսային միությունների ստեղծման հնարավորությունը: 1948-ին ուսումնասիրության խումբն ստեղծեց երկու հանձնաժողով` տնտեսական և  մաքսային: Տնտեսական հանձնաժողովի իրավահաջորդը դարձավ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը, իսկ մաքսային հանձնաժողովը վերածվեց  Մաքսային համագործակցության խորհրդի (Customs Co-operation Council - CCC):

1953թ. հունվարի 26-ին Բրյուսելում Մաքսային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցում էր եվրոպական 17 երկրի ներկայացուցիչ: Խորհրդին անդամակցող երկրների ցանկը տարիների ընթացքում ընդլայնվել է,  1994թ. Խորհուրդը վերանվանվեց Համաշխարհային մաքսային կազմակերպություն` ընդգծելու գլոբալ միջկառավարական ինստիտուտի իր կարգավիճակը:

Համաշխարհային մաքսային կազմակերպությունն այժմ 171 երկրի մաքսային ծառայությունների միավորում է, որը գործում է բոլոր մայրցամաքներում` ներկայացնելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը Բրյուսելում Է: Այսօր Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամները պատասխանատու են միջազգային առևտրի գրեթե ամբողջ գործընթացի համար: 2006թ. Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ստեղծել է «Կոլումբոսի» ծրագիրը. մաքսային պատմության մեջ ամենամեծ կառույցը, որը նպատակ ունի աջակցել սահմանված չափանիշների կիրառմանը` ի նպաստ անվտանգ ու պարզեցված գլոբալ առևտրի: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի պետությունների մաքսային ծառայություններ հանդիսանում են Կոլումբոս ծրագրի շահառուներ:

2006թ. ուժի մեջ է մտել նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիան` մաքսային գործընթացների պարզեցման ու ներդաշնակության վերաբերյալ: 2007թ. հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Ներդաշնակ համակարգի 2007թ. տարբերակը:

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ՀՄԿ-ին 1992 թվականից: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունը միջազգային մաքսային կազմակերպությունների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության դիրքորոշում ունի իր կազմակերպումից ի վեր` 2001-ից: 2003թ. ՀՄԿ գլխավոր քարտուղարի ընտրության նիստում Հայաստանի Մաքսային պետական կոմիտեն դարձել է կազմակերպության կարևոր մարմիններից մեկի` Մաքսային քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ` Եվրոպայի տարածաշրջանից: Դա մեր երկրին ընձեռում է համաշխարհային մաքսային քաղաքականության ձևավորման գործընթացներին ակտիվ մասնակցության հնարավորություն: Հայաստանից բացի, այդ հեղինակավոր հանձնաժողովի կազմում ԱՊՀ տարածաշրջանից ընդգրկվել է միայն Ռուսաստանի Դաշնությունը:

ՀՄԿ-ն ներկայումս ղեկավարում է գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, որն այս պաշտոնն ստանձնել է 2009 թվականի հունվարի 1-ից /ընտրվել է 5 տարի ժամկետով/: Իր ծրագրում կառույցի նոր ղեկավարը առաջնային է համարել անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցությունը: Կունիո Միկուրիայի համոզմամբ` ՀՄԿ կառավարման մարմիններում անդամ երկրների մասնակցությունը բավարար մակարդակի չէ, և կազմակերպության ներուժը հնարավորինս հզորացնելու համար գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում անդամ պետություններին ավելի ակտիվորեն ներգրավել որոշումներ կայացնելու գործում: Այդ դեպքում, Միկուրիայի դիտարկմամբ, Մաքսային կոմիտեներին միավորող համաշխարհային այս կառույցի գործունեության արդյունավետությունն առավել ակնհայտ կլինի:

ՀՄԿ-ն իր անդամներին առաջարկում է Կոնվենցիաների և այլ միջազգային գործիքների լայն շրջանակ: Միայն ՀՄԿ անդամ-պետությունները կարող են օգտվել տեխնիկական աջակցության ստացման առավելություններից, ինչպես նաև ՀՄԿ քարտուղարության կողմից կազմակերպվող ուսումնական ծրագրերից: ՀՄԿ-ի կարոր խնդիրներից է մաքսային ծառայությունների միջև համաձայնագրերի համակարգի ստեղծումը` ապրանքային հոսքերի անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Համաձայնագրերի այդպիսի համակարգը հնարավորություն է տալիս ապահովելու ճշգրիտ տեղեկատվության ժամանակին փոխանակումը, ինչը նպաստում է մաքսային ծառայությունների կողմից ռիսկերի կառավարման ավելի արդյունավետ իրականացմանը: Դա ոչ միայն ընդլայնում է մաքսային ծառայությունների հնարավորությունները բարձր ռիսկայնության առաքումների բացահայտման առումով, այլ նաև թույլ է տալիս ուժեղացնել վերահսկողությունը մատակարարումների միջազգային շղթային նկատմամբ ավելի օպտիմալ ու արդյունավետ բաշխելու մաքսային ռեսուրսները:

ՀՀ մաքսային ծառայությունը 2005 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրել է Համաշխարհային առտրի անվտանգության պարզեցման շրջանակային ստանդարտների ներդրման պատրաստակամության մասին դեկլարացիան:

Հայաստանում Կոլումբոս ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը իրականացվել է 2009 թվականի հունիսի 19-30-ը` ՀՄԿ երկու լիցենզավորված փորձագետների կողմից, որոնք 2 շաբաթվա ընթացքում ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը, այցելել են մաքսատներ  մաքսային կետեր, հանդիպել են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային բրոքերների հետ: Դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

ՀՀ մաքսային ծառայության կողմից իրականացված գործողությունները բարձր են գնահատվել ՀՄԿ ղեկավարության կողմից, բարեփոխումների ընթացքին տրվել է «գերազանց» գնահատական: Հենց այդ բարեփոխումներն են հիմք հանդիսացել այն հանգամանքին, որ 2009 թվականին «Դուինգ բիզնես» ծրագրի շրջանակներում ՀՀ մաքսային ծառայությունը առաջ է անցել 34 կետով:

2010 թվականի աշնանը ՀՀ այց է կատարել ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, այնպես էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության Կոլումբոս ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևանում կազմակերպված «Ռազմավարական պլանավորում» աշխատաժողովի ընթացքում կազմված գործողությունների ծրագիրը, ՀՀ մաքսային համակարգի ձեռք բերած հաջողություններն ու զարգացման հեռանկարները և այլն: 

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերաբար մասնակցում է ՀՄԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների և քննարկումների:
 
Միջազգային հարաբերություններում մաքսային ոլորտին առնչվող խնդիրները էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության 08.04.2010թ. N355-Ա որոշմամբ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում 3 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ, որի օժանդակությամբ 2011 թվականին ակտիվացել են համագործակցության աշխատանքները մաքսային ոլորտին առնչվող միջազգային և ԵՄ կառույցների հետ:

Համաշխարհային մաքսային կազմակերպություն (ՀՄԿ) = World Customs Organization (WCO)