Անդամակցություն ԱՀԿ
Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամ է 2003 թվականի փետրվարից։

ԱՀԿ–ի անդամակցության շրջանակում Հայաստանն իրականացրել է օրենսդրական և հաստատութենական լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված ԱՀԿ–ի սկզբունքներին ու պահանջների դրանց համապատասխանեցմանը, այդ թվում նաև մաքսային օրենսդրության բարեփոխումներ։

Հայաստանը, ինչպես և ԱՀԿ անդամ այլ երկրները, ԱՀԿ շրջանակում, ի լրումն օրենսդրության և կարգավորումների համապատասխանեցման, ստանձնել է պարտավորություններ՝
  • ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերի մասով,
  • ծառայությունների առևտրի մասով,
  • գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության մասով։
Ներմուծման մաքսային դրուքաչափերի մասով, ԱՀԿ–ում Հայաստանը պարտավորվել և ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը ամրագրել է առավելագույն 15 տոկոսի չափով, այսինքն՝ մաքսատուրքի դրույքաչափերը կարող են բարձրացնել միայն մինչև 15 տոկոս։ Դրանից ավել բարձրացնելու համար, ըստ ԱՀԿ–ի կանոնների, նախ, Հայաստանը պետք է բանակցություններ վարի ԱՀԿ անդամ երկրների հետ, և, երկրորդ, ԱՀԿ պարտավորությունների խախտման դիմաց  Հայաստանը պարտավոր կլինի փոխհատուցում տալ ԱՀԿ անդամ երկրներին և ենթակա կլինի առևտրա–տնտեսական հակազդման միջոցների ԱՀԿ անդամ երկրների կողմից։

Հիշենք, որ ներկայումս Հայաստանում կիրառվող առավելագույն դրույքաչափը 10% է (կիրառվում են 0 կամ 10 տոկոս դրուքաչափեր)։ ԱՀԿ–ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մանրամասն աղյուսակները մաքսատուրքերի մասով կցված են ստորև։

Այդ աղյուսակները կարելի է գտնել ԱՀԿ–ի պաշտոնական վեբ–կայքում, հետևյալ հասցեով՝ http://www.wto.org/english/thewto_e/countries_e/armenia_e.htm։

Հայաստանում գործող՝ մաքսային արժեքի որոշման վեց եղանակները (ներկայացված են ստորև) համապատասխանում են ԱՀԿ–ի՝ Մաքսերի և առևտրի 1994թ. գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ՝ անգլերեն հայտնի է որպես GATT համաձայնագիր) VII հոդվածի իրականացման մասին համաձայնագրի պահանջներին։ Միջազգային ասպարեզում այդ համաձայնագիրը կոչվում է նաև ԱՀԿ–ի Մաքսային արժեքի որոշման մասին համաձայնագիր։ Մաքսային արժեքի որոշման վեց եղանակները թվարկված են ստորև.
  • Գործարքի գնի մեթոդ, որը համարվում է մաքսային արժեքի որոշման առաջին և հիմնական մեթոդ։ Այս մեթոդի կիարռման անհնարինության դեպքում կիրառվում են մյուս մեթոդները՝ ըստ նշված հերթականության (ներմուծողի պահանջով կարող են փոխվել 4–րդ և 5–րդ մեթոդների կիրառման հերթականությունը)։
  • Նույն ապրանքի գործարքի գնի մեթոդ՝ արժեքի որոշում Հայաստան արտահանման համար վաճառված նույն ապրանքի գործարքի գնի հիման վրա.
  • Համանման ապրանքի գործարքի գնի մեթոդ՝ արժեքի որոշում Հայաստան արտահանման համար վաճառված համանման ապրանքի գործարքի գնի հիման վրա.
  • Մաքսային արժեքի որոշում «Հայաստանի ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա».
  • Հաշվարկային արժեքի մեթոդ՝ մաքսային արժեքի որոշում ապրանքի հաշվարկային արժեքի հիման վրա.
  • Պահուստային մեթոդ՝ մաքսային արժեքի որոշում որևէ այլ մեթոդով։
ԱՀԿ–ի պահանջներին համապատասխանեցված են նաև արտահանվող կամ ներմուծվող ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։ Այդ կանոնները համապատասխանեցված են ԱՀԿ–ի Ծագման երկրի կանոնների մասին համաձայնագրին։

Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) = World Trade Organization (WTO)

Ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ երկրների հետ

Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների հետ, բացառությամբ Ադրբեջանի և Ուզբեկստանի:

ԱՊՀ անդամներ են նախկին Խորհրդային Միության տասնմեկ երկրները՝ Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը: Վրաստանը ԱՊՀ–ի անդամ–երկիր էր, սակայն ԱՊՀ–ի կազմից դուրս է եկել 2009թ.-ի օգոստոսին:

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) = Commonwealth of Independent States (CIS)