Քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
 
Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել մաքսային միջնորդական կազմակերպությունների հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող հարցերն ու կարգավորման ուղիները: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի: Իրենց հերթին կարևորելով նման ձևաչափով շարունակական հանդիպումները, մաքսային միջնորդները համոզմունք են հայտնել, որ բարձրացված հարցերն արագ լուծում են ստանում, ինչը նպաստում է արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը: 

Նախաբացթողումային հսկողության վարչության պետն ընդգծել է, որ խիստ հսկողություն սահմանվել մաքսային միջնորդական կազմակերպություններին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ: ՀՀ վարչապետը հստակ խնդիր է դրել՝ մաքսային համակարգի որակական փոփոխություններով նպաստել գործարար միջավայրի բարելավմանը: Սահմանից սկսած բոլորը պետք է գործեն հավասար դաշտում. կառավարության ղեկավարի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ առավելագույն ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ արտահանումների և ներկրումների գործընթացում՝ բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: Քանի որ մաքսային բրոքերն այն օղակն է, որ առաջինն է շփվում արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների հետ, հետևաբար նաև նրանց աշխատանքի որակից է կախված բիզնես-մաքսային ծառայություն շփման արդյունավետությունը:  ՊԵԿ նախագահը խիստ հանձնարական է տվել՝ բացառել և արագ շտկել տնտեսվարող-մաքսային միջնորդ  գործակցության հնարավոր թերությունները կամ խոչընդոտները: Գեղամ Մովսիսյանը հիշեցրել է, որ խնդիրների մասին կարող են դիմել հեռախոսազանգերի կենտրոն, ինչպես նաև հետադարձ կապի արդյունավետ ապահովման նպատակով զանգահարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ընդունարան՝ հատուկ հեռախոսահամարին: