Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային և մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավել ու նոր մակարդակի բարձրացնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում իրականացվող վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: «Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը և ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: ՀՀ կառավարության՝ 2017թ. ծրագրով և գերակա խնդիրներով, ինչպես նաև հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները և հարկ վճարողների ծանուցման ընթացակարգը։ Դրանց հիման վրա մոնիթորինգի կենտրոնում իրականացվում են ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների և գների, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ: «Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերը»,-նկատել է Վախթանգ Միրումյանը: Նա ընդգծել է, որ իրացման շրջանառությունների նկատմամբ հսկողության գործընթացում սուբյեկտիվ գործոնը վերանում է. «Եթե նախկինում տարածքային հարկային տեսչության տեսուչն էր զեկուցագրով հիմանվորում որևէ ընկերությունում ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում իրականացնելու անհրաժեշտությունը, ապա այսուհետ համակարգն է որոշելու դրա անհրաժեշտությունը»:

Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է կենտրոնի հիմնումը: Նա նշել է, որ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի համակարգ, որի դեպքում օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող հարկատուն ՊԵԿ-ի աշխատակցին զգա նվազագույն կերպով և հակառակը, ով այդ դաշտում չէ՝ ՊԵԿ-ի շունչը զգա պարբերաբար: «Մենք անպայման հասնելու ենք դրան: Որպեսզի ունենանք այդպիսի կառավարում, պետք է բացի արդար, հավասար պայմաններից՝ լինի նաև խելացի կառավարում, որպեսզի ՊԵԿ-ն ավելորդ տեղը չանհանգստացնի հարկատուին, գործարարին: Այս համակարգը թվայնացնում է կառավարման ամբողջ սուբյեկտը և այն հայտանիշները, որոնք կառավարիչները սահմանելու են, միանգամից բացահայտում են ռիսկային գործարքներն ու սուբյեկտները»: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ ՊԵԿ-ում իրականացվելու են ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք մասամբ սկսվել են, և նշված կենտրոնի բացումն առաջին քայլն է: Կարեն Կարապետյանի խոսքով, մոտ ժամանակներս ՊԵԿ-ը կառավարությանն է ներկայացնելու ՊԵԿ-ի բարեփոխումների ողջ փաթեթը: «Վստահ եմ, որ այս աշխատանքի արդյունքում ունենալու ենք այն, ինչին ձգտում ենք: Սպիտակ, օրինապահ դաշտում գործող գործարարը ՊԵԿ-ին նվազագույնն է նկատելու: Համակարգում առաջընթաց միանշանակ կա, տեղ չկա՞ լավացնելու, միշտ կա: Մենք երբևէ չենք գալու մի կետի, որ այլևս անելիք չունենանք, բայց մեր ձգտումն է տվյալ իրավիճակում հասնել մաքսիմալի»:

Մոնիթորինգային կենտրոնի տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս վիճակագրական և վերլուծական բանաձևերի միջոցով իրական ժամանակում հայտնաբերել իրավախախտումներ պարունակող գործարքները: «Նմանատիպ գործարքների և շեղումների մասին FVision համակարգն ավտոմատ կտեղեկացնի իրավասու ստորաբաժանումների համապատասխան պատասխանատուներին»,-ներկայացրել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը՝ անդրադրադառնալով նաև ՀՀ մաքսային անցումային կետերի աշխատանքի արդյունավետության գնահատման և օպտիմալացման համար տեղեկատվական աջակցությանը. «Օպերատիվ կառավարման և հեռահար որոշումներ կայացնող ղեկավարությունը կարող է արագ, հավաստի և ամփոփ տեղեկատվություն ստանալ՝ տվյալներ ձևավորող սկզբնաղբյուրների հիման վրա: Համակարգը թույլ է տալիս կազմել բազմաշերտ վիճակագրություն, տարբեր ժամանակահատվածների համեմատական վերլուծություն, տեղեկատվության համադրում և ցուցադրում»: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ կլինի ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում: