"Ամփոփելով 2010 թվականը` առանձնահատուկ կցանկանայի նշել, որ կարողացել ենք բարձր արդյունքներ ապահովել` չնայած հետճգնաժամային իրավիճակին: Մուտքերի ծրագրած ցուցանիշը գերակատարել ենք շուրջ 20մլրդ դրամով. արդյունքը գերազանցում է ոչ միայն 2009-ի, այլ անգամ նախաճգնաժամային 2008-ի ցուցանիշները: Զուգահեռաբար չի դադարել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը. 2010-ին հասցրել ենք իրագործել մեր ռազմավարական հիմնական խնդիրները և լուրջ աշխատանք սկսել հաջորդ առաջնահերթություններից մեկի` հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ":
 
- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կգնահատեք անցած տարին, 2010-ն արդյունավե՞տ էր ՊԵԿ-ի համար, որո՞նք էին հիմնական ձեռքբերումները:

- Նախ` լուծել ենք համակարգի համար առանցքային նշանակություն ունեցող երկու խնդիր, առաջինը` մուտքերի անհրաժեշտ մակարդակի ապահովումն ու ծրագրված ցուցանիշների գերակատարումն էր հետճգնաժամային տարում, երկրորդը` այդ նպատակին հասնելու համար ՊԵԿ բոլոր ստորաբաժանումների համակարգված գործողությունների զարգացումն ու բարեփոխումների շարունակական ընթացքի ապահովումը: Այդ ամենը հաշվի առնելով` տարին համակարգի համար կարելի է արդյունավետ բնորոշել: 2010-ն ամփոփել ենք` ապահովելով ավելի քան 590մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցում է 20մլրդով, իսկ 2009-ի արդյունքը` շուրջ 70մլրդ դրամով: Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս գերակատարում ենք արձանագրել՝ շուրջ 500մլն դրամի չափով` պետբյուջե ապահովելով ավելի քան 105մլրդ դրամ եկամուտներ, ինչը 2009-ի ցուցանիշը գերազանցել է 2.5 մլրդ դրամով:

Մեզ հաջողվել է ձեռքբերումներ արձանագրել միաժամանակ մի քանի կարևոր ուղղություններով, որոնք նաև հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում էին. նկատի ունեմ հատկապես խոշոր հարկատուների հետ տարվող աշխատանքը, որը կառավարության գործունեության հիմնական թիրախներից մեկն էր: 2010-ին ձեռնամուխ եղանք խոշոր հարկ վճարողների նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխությունների, որոնք ուղղված չէին միայն պետբյուջե հավաքագրվող եկամուտների ավելացմանը, այլև որակական նոր մակարդակի էին հասցնելու ՊԵԿ-խոշոր հարկ վճարող հարաբերությունները: Միաժամանակ«փափուկ» հարկային վարչարարություն ենք կիրառել փոքր և միջին ձեռնարկատերերի նկատմամբ` նպատակ ունենալով բարձրացնել հարկերի կամավոր վճարման մակարդակը: Այս քայլերի արդյունքում է նաև հաջողվել ապահովել մուտքերի հավաքագրելիության բարձր մակարդակ:

Նախորդ տարվա ընթացքում կոմիտեի համար առաջնահերթ հարցերից մեկը հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներն էին: Դա մեր գերակա նպատակներից է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ ենք նախատեսում նաև 2011 թվականին:

Շարունակել ենք աշխատանքները հսկողական գործառույթների կատարելագործման, կոմիտեի գործունեության թափանցիկության ապահովման, համակարգի կառավարման բարելավման և օպտիմալացման ուղղությամբ: Երևանում հարկային տեսչությունների քանակը կրճատել ենք երկուսով, որոշ տեսչություններ էլ արդեն գործում են նոր հասցեներում` բարեփոխված, հարմարավետ շենքային պայմաններում: Կարևոր աշխատանք ենք տարել նաև ստվերային շրջանառության նվազեցման,  ընդհանրապես իրավախախտումների դեմ պայքարի առումով: Գործարկել ենք ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգը, աշխատանքներ տարել` «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրման ուղղությամբ:

Այս և համակարգի վարչարարության բարելավմանն ուղղված շատ այլ աշխատանքներ դեռ առջևում են: Իդեպ, նախորդ տարի դրանց տեխնիկապես օժանդակելու պատրաստակամություն էր հայտնել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որի հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայիհետարդեն Փոխըմբռնման հուշագիր ենք ստորագրել: Այդպիսով, մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել երեք հիմնական` թիրախային միջոցառումներ.  բարելավել  հարկային վարչարարության արդյունավետությունը հարկային ստուգումներում, կատարելագործել ԱԱՀ-ի վերադարձի համակարգը և բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը:

-Դուք նշեցիք, որ, չնայած հետճգնաժամային իրավիճակին, 2010-ն ամփոփել եք գերակատարումներով: Ի՞նչն է հատկապես նպաստել մուտքերի հավաքագրման արդյունավետության բարձրացմանը:

-Բյուջեի եկամուտների հավաքագրումը, թերևս, ամենակարևոր ու բարդ գործառույթներից է, ինչը մշտական բարեփոխումների կարիք ունի: Նախորդ տարի լուրջ աշխատանքներ ենք սկսել այդ ուղղությամբ` փորձելով նախ բարեփոխել մեր մոտեցումներն այդ գործընթացին նպաստող և դրանում ներգրավված հարկատուների նկատմամբ. եկամուտների զգալի մասը հավաքագրվում է հանրապետության խոշոր հարկ վճարողների հաշվին, 2010 թվականի բյուջետային եկամուտների մեծ մասը ևս` շուրջ 70 տոկոսն ապահովել են առաջին 1000 խոշոր հարկ վճարողները, այսինքն` անհանգստությունը, թե հիմնական հարկային բեռն ընկած է փոքր ու միջին ձեռնարկատերերի վրա, անհիմն է: Միայն Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող 325 հարկ վճարողներն ապահովել են մուտքերի 50%-ից ավելին: Այժմ լրջագույն քայլեր ենք տանում` խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական և առանձնահատուկ մոտեցում կիրառելու ուղղությամբ, որը ենթադրում է ինչպես վերահսկողության ուժեղացում, այնպես էլ սպասարկման որակի բարձրացում: Սակայն այդ քայլերը բնավ ուղղված չեն միայն պետական բյուջեի եկամուտների ավելացմանը. փորձում ենք այդպիսով որակական նոր մակարդակի բերել ՊԵԿ-խոշոր հարկ վճարող հարաբերությունները, դրանք կառուցել փոխհամագործակցության և վստահության վրա:Մեկ կարևոր հանգամանք էլ եմ ուզում առանձնացնել. մուտքերի գերակատարումն ուղեկցվել է գերավճարների աճի տեմպի էական նվազեցմամբ:

-Այո, տարիներ շարունակ գերավճարների կուտակման և վերադարձի խնդիրը եղել է համակարգի խոցելի կողմերից ու նաև միջազգային կառույցների համար գնահատման կարևորագույն ցուցանիշներից մեկը: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:

-Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է զսպել նախորդ տարիներին օրինաչափություն դարձած՝ գերավճարների աճի տեմպը, ինչի արդյունքում այդ դաշտում ևս մենք շոշափելի հաջողություններ ունենք: Այսօր հարկային մարմինների աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը կուտակված գերավճարների կրճատումն է ու անհիմն գերավճարների ստեղծման բացառումը, դա նաև աշխատանքի գնահատման ցուցանիշ է: Հարկերի հավաքագրման բարձր մակարդակի ապահովումը միաժամանակ ուղեկցվել է գերավճարների մակարդակի փաստացի նվազմամբ: Այդ փաստը վկայությունն է այն իրողության, որ 2009-ից սկսած՝ ՊԵԿ-ը հրաժարվել է գերավճարների ավելացման հաշվին պետական բյուջեի մուտքերի ապահովման գաղափարից` դրանով իսկ կանխելով նախորդ տարիներից կուտակված և «գլորվող» գերավճարների գումարների աճը: Նախորդ տարի ունեցել ենք մոտ 8մլրդ դրամի գերավճար, դա, սակայն, ընդամենը սահմանին մուծված ԱԱՀ-ի գերավճար է, ինչը «գերավճար» անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Հետճգնաժամային տարում աճել են ապրանքների ներմուծման և հանրապետությունում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծավալները, ինչի պարագայում, նախքան դրանց իրացումը, մաքսային սահմանին և մատակարարներին վճարված ԱԱՀ գումարները շարունակում են հաշվառվել որպես գերավճարներ: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հասել ենք նրան, որ 2011-ին պետությունն արդեն պետք է համապատասխան բանկային տոկոսադրույքներով հետ վերադարձնի այդ գերավճարները:

-Կոմիտեի դիտակետում է հայտնվել հարկ վճարողների սպասարկման որակը, դրա կատարելագործումը 2011-ի գերակա խնդիրներից է հայտարարվել: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում խնդրի կարգավորման ուղղությամբ:

-Մեր հասարակությունում հարկային և մաքսային ծառայությունները, տարիների ընթացքում, կարծում եմ, ոչ անտեղի նույնականացվել են ընդամենը բյուջեի մուտքեր հավաքագրող կառույցի հետ, մինչդեռ ժամանակակից աշխարհում հարկային և մաքսային մարմինները, այդ կարևոր գործառույթն իրականացնելուց բացի, պետք է նաև հարկ վճարողին ծառայություն մատուցող կառույց լինեն: Սպասարկման որակի բարձրացման ու հարկ վճարողներին մատուցվող նոր ծառայությունների ներդրման առումով 2010 թվականը լուրջ ձեռքբերումների տարի էր, ավելին, 2011-ը մենք արդեն իսկ հայտարարել ենք սպասարկման նոր որակի տարի:Մեզ մոտ ևս հարկ վճարողները պետք է սպասարկվեն միջազգային չափանիշներին համապատասխան. սա նաև երկրի նախագահի հանձնարարականն է: Իմ համոզմամբ` բիզնեսի համար հարկայինը պետք է լինի ոչ թե հարկեր հավաքող, այլ նրա հարկերը ֆիքսող մարմին: Այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ եմ տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին` հասնել նրան, որ  հարկատուն  ինքնուրույն հաշվարկի ու վճարի իր իրական հարկերը: Այդ գործում կարևորում եմ յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը, առավել ևս, որ հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերի պարզեցումը  դեռևս հեռու է բարվոք համարվելուց և առկա են մի շարք բացասական երևույթներ: Հարկային մարմնի յուրաքանչյուր աշխատակցի հանձնարարվել է՝ զերծ մնալ անհարկի  քաշքշուկներից, ավելորդ թղթաբանությունից ու հատուկ ուշադրություն դարձնել հարկ վճարողների հետ առօրյա շփումներում սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից դրսևորվող կեցվածքին, պահելաձևին, հարկ վճարողների իրազեկման գործընթացներին: Բացի այդ, հարկատուների համար կազմակերպել ենք սեմինար-խորհրդակցություններ. նաև դրանց միջոցով ենք փորձել հարկատուի հետ տարվող աշխատանքը կառուցողական երկխոսության դաշտ տեղափոխել: Սակայն սա միակողմանի աշխատանք չէ: Այս գործընթացում միաժամանակ ակնկալում ենք հարկ վճարողների ակտիվ մասնակցությունը, ինչը կբերի բիզնեսի և կոմիտեի միջև արդեն սկիզբ առած գործընկերային հարաբերությունների խորացմանը: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, գնահատականը սպասարկման որակի վերաբերյալ, ինչպես նաև  ցանկացած կառուցողական առաջարկ` այդ գործընթացն  արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այդ նպատակով, իմ հանձնարարությամբ, տարեվերջին բոլոր հարկային տեսչություններում հանդիպումներ են կազմակերպվել հարկ վճարողների հետ, նաև մեր պաշտոնական կայքում գործող "Ինտերակտիվ հարցման" միջոցով ենք քաղաքացիներին առաջարկել՝ գնահատել հարկ վճարողների սպասարկման ներկա որակը ու իրենց կողմից ևս քայլեր հուշել այն առավել բարելավելու համար: 2011-ին նախատեսում ենք հանրապետության մարզերում հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոններ գործարկել: Սպասարկման երկու կենտրոն արդեն իսկ գործում է մայրաքաղաքում, իսկ ևս մեկը կբացվի մոտ օրերս: Բացի այդ, նախատեսել ենք ստեղծել նաև հեռախոսազանգերի սպասարկման ժամանակակից կենտրոն:

-Սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներում կարևորէ նաև Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի կիրառումը, այդ գործընթացը խրախուսելու նպատակով ի՞նչ աշխատանքներ է իրականացում կոմիտեն:

-Էլեկտրոնային կառավարման ամբողջ համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ շատ լուրջ աշխատանք ենք տարե լթե' հարկային և թե' մաքսային տարածքային մարմիններում:

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման հայեցակարգը, դրա իրականացման նպատակով ստեղծվելու հաջողությամբ գործում են շուրջ 20 աշխատանքային խմբեր: Ներդրված համակարգի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ հարկ վճարողները հաշվետվությունները սկսել են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: 2010-ին 4000 հարկվճարող շուրջ 70 հազար այդպիսի հաշվետվություն է ներկայացրել: Հատկանշական է, որ դրանց թվում նաև 1300 փոքր և միջին ձեռնարկություններ կան, որոնք կամավոր էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնող են դարձել:

 2011-ին ձգտելու ենք օրենսդրական և վարչարարական բոլոր միջոցներով զարգացնել սկսածգործը: Հայաստանում ցանկացած նորամուծություն, անգամ եթե դա բարեփոխում է ու բխում է անմիջականորեն բիզնեսի շահերից, վերապահումով է ընդունվում հենց նույն բիզնեսի կողմից: Տեսե՛ք, մենք ամեն ինչ անում ենք միջազգային չափանիշներով սպասարկում ապահովելու, հարկային մարմին-բիզնես շփումը նվազեցնելու ուղղությամբ, բայց, արի ու տես, որ տնտեսվարող սուբյեկտները, չգիտես ինչ մտավախությամբ, շարունակում են նախպատվությունը հին ու փորձված մեթոդներին տալ: Այս տարի ամեն ինչ անելու ենք՝ նրանց ևս մեր բարեփոխումներին առավել ակտիվ մասնակից դարձնելու ուղղությամբ. ժամանակն է, որ բիզնեսի մոտ կոտրվեն այդ կարծրատիպերը ու մեր երկխոսությունը տեղափոխվի առավել կառուցողական դաշտ:

- Իսկ ինչպիսի՞ արդյունքներ կան հաշվառման նկատմամբ հսկողություն ապահովելու, այդթվում` հարկային հաշիվների նոր համակարգի ներդրման ուղղությամբ:

-Տարբեր առիթներով նշել եմ, որ հարկային հաշվառման հիմնախնդիրները կապված են երկրում փաստաթղթաշրջանառության ապահովման հետ, ինչը հետևողականորեն իրականացնելու նպատակով՝ աշխատանք ենք տարել՝ մի կողմից հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման գործող համակարգը կատարելագործելու, մյուս կողմից` մանրածախ առևտրի ցանցում ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու ուղղությամբ: Կցանկանայի ընդգծել, որ ՊԵԿ-ը շատ կարևոր քայլ է նախաձեռնել` հարկային մարմին ներկայացվող տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ուղղությամբ. հունվարից արդեն կիրառվում է հարկային հաշիվների` ԱԱՀ պարունակող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման նոր կարգը: Հարկային հաշիվները խիստ հաշվառման փաստաթղթեր են, սակայն առաջին անգամ են դրանք ըստ էության վերածվում այդպիսի փաստաթղթերի: Էլեկտրոնային եղականով հարկային հաշիվների դուրս գրման կարգ սահմանելով՝ առաջին անգամ շրջանառության մեջ ենք դրել էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը, որոնք հիմնականում կփոխարինեն թղթային հաշվարկային փաստաթղթերին: Նախկինում կազմակերպությունների կողմից կեղծ հաշիվների դուրս գրման բազմաթիվ փաստեր էինք արձանագրում, իսկ  այս փոփոխությամբ, իսկզբանե, կկանխարգելենք նման երևույթները: Դա հնարավորություն կտա ամբողջովին կանոնակարգել հաշիվների դուրս գրման, ստացման ողջ  գործընթացը: Իդեպ, այս փոփոխությունը կարևորում եմ նաև հարկվ ճարողների սպասարկման որակի բարելավման տեսանկյունից, քանի որ, եթե նախկինում ԱԱՀ վճարողները 100 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություն էին ներկայացնում հարկային մարմնին, ապա, այս փոփոխության արդյունքում, այդ գործարքներն արդեն կիրականցվեն համացանցի միջոցով ու կազմակերպությունները նման տեղեկություններ տալու անհրաժեշտություն չեն ունենա: Արդեն լիարժեք ապահովել ենք այդ գործառույթի տեխնիկական սպասարկումը, Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով համակարգչային ծրագիր է աշխատում, ինչը թույլ կտա դուրս գրված հաշիվներն ամփոփել կոմիտեի կենտրոնացված տեղեկատվական բազայում: Հարկ վճարողներին մատուցվող մեր այս նոր ծառայությունը գնահատել են մի շարք միջազգային փորձագետներ. ըստ նրանց` զարգացած բազմաթիվ երկրների փորձից անգամ սա  մի քայլ առաջ է:

-ՀՀ նախագահի` հայ-վրացական սահման այցելության ժամանակ կոնկրետ հանձնարարականներ տրվեցին մաքսակետերի արդիականացման ուղղությամբ: Կոմիտեն արդեն իսկ լայնածավալ աշխատանքներ է սկսել, առաջիկա 1-2 տարիների ընթացքում կկարողանա՞նք ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող մաքսակետեր:

-Իսկապես, մաքսային սահմանին լուրջ փոփոխություններ ենք կատարել և դեռ բավականին մեծ ծավալի աշխատանք էլ նախատեսում ենք առաջիկայում. սահմանային կետերը ամբողջությամբ համապատասխանեցնելու ենք միջազգային չափանիշներին: Եվրամիության համապատասխան կառույցների նախագծային-նախահաշվային փաստաթղթերի պատրաստ լինելուն պես կանցնենք շինարարական աշխատանքներին, որոնք շատ կարևոր և որակական նոր փոփոխությունների կբերեն մաքսային համակարգը` ինչպես շենքային պայմանների և տեխնիկական վերազինման, այնպես էլ սպասարկման որակի բարելավման առումով: Արդեն հիմնովին վերանորոգել ենք Այրում-Ջիլիզա մաքսակետը, որտեղ ստեղծել ենք աշխատանքի նոր, հարմարավետ պայմաններ: Մաքսակետի նոր շենքը կառուցելիս հաշվի ենք առել ամեն ինչ` ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու և սպասարկում իրականացնելու առումով: Նշեմ, որ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված լուրջ աշխատանքներ ենք իրականացնում տարածքային մաքսային բոլոր մարմիններում. շատ կարևոր է, որպեսզի գործարարները և անհատ քաղաքացիները մաքսակետ այցելելիս զգան միջազգային չափանիշներին համապատասխանող բարեփոխումները: Մաքսակետերի արդիականացման նպատակով կառավարության հայտարարած միջազգային մրցույթի համար արդեն իսկ հայտեր են ներկայացրել լավագույն փորձ ունեցող եվրոպական երկրները: Սահմանակից պետությունները ևս պատրաստակամություն են հայտնել ներգրավվել իրականացվող աշխատանքներում: Վրացական կողմի հետ արդեն սկսել ենք աշխատանքները հայ-վրացական սահմանակետերում, աշխատում ենք նաև իրանական կողմի հետ: Հյուրեր ենք ունեցել նաև Իսրայելի մաքսային ծառայությունից, որի փորձը ևս աշխարհում լավագույններից է համարվում:

-Պարոն Խաչատրյան, անցած տարվա ընթացքում ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը ծանրոցների մաքսազերծման հարցն էր, այդ ուղղությամբ հանձնարարականներ տրվեցին նաև ՀՀ նախագահի կողմից: Հարցը կարգավորելու համար օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել, դրանք որքանո՞վ կնպաստեն խնդրի լուծմանը:    

- Ազգային ժողով ենք ներկայացրել «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն անցել է երկրորդ ընթերցումը: Օրինագծով լուրջ փոփոխություններ ենք նախատեսում փոստային առաքումներով ստացվող ապրանքների մաքսազերծման կարգի մասով, կարծում եմ` դա հիմնականում կլուծի այն խնդիրները, որոնց առնչվում են մեր քաղաքացիները ծանրոցների մաքսային ձևակերպումների ժամանակ: Օրինագծով առաջարկում ենքմաքսատուրքից ազատման արտոնություն կիրառել 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ծանրոցներինկատմամբ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

-Կոմիտեն բավականին ակտիվ գործունեություն իրականացրեց միջազգային համագործակցության ոլորտում. Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերը 2010-ին անցկացվեցին Հայաստանում: Ինչպիսի՞նէրնախորդտարին այդ տեսանկյունից:

-Արդյունավետ էր. 2010-ին ակտիվ մասնակցել ենք Համաշխարհային մաքսային կազմակերպության, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի, ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքներին: Երևանում կազմակերպեցինք ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 52-րդնիստը, որի ժամանակ քննարկել ենք ԱՊՀ բոլորանդամ-երկրների համար առաջնային կարևորություն ունեցող հարցեր, ստորագրել մի շարք համաձայնագրեր: Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ հանրապետությունում անցկացրելենք նաև «Ռիսկերի կառավարում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով: Ակտիվ մասնակցում ենք ԱՊՀ անդամ-պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքներին: Միջազգային համագործակցության ոլորտում մի կարևոր ձեռքբերում էլ ենք արձանագրել. կոմիտեն սկսել է անդամակցել Հարկային մարմիններիների եվրոպական կազմակերպությանը՝ IOTA-ին: 2010թ. հուլիսի 7-9-ը Բրյուսելում մեր պատվիրակությունը մասնակցել է IOTA-ի 14-րդ ընդհանուր համագումարին և գաղտնի քվեարկության արդյունքներով IOTA-ի լիիրավանդամ է ընտրվել:

-Վերջին երկու տարիների ընթացքում կադրային արդյունավետ քաղաքականությունը կոմիտեի ռազմավարության հիմնական ուղղություններից է եղել: Որո՞նք էին 2010-ի առաջնահերթություններն այդ հարցում և ի՞նչ նոր պահանջներ են առաջադրվել աշխատակիցներին:

-Կադրային քաղաքականության, համակարգում կադրային ներուժի ձևավորման և զարգացման ուղղությամբ տարվող լուրջ աշխատանքները մեզ մոտ շարունակական բնույթ են կրում. պարբերաբար անցկացվում են ատեստացիաներ և ծառայողական քննություններ. ազատված տեղերը համալրում ենք  մրցույթների շնորհիվ: Մեր աշխատակիցներին մշտապես մասնագիտական խիստ պահանջներ ենք առաջադրում, տեղ ենք տալիս միայն բանիմաց, ժամանակակից պահանջներին համապատասխանող կադրերին: Կոնկրետ նախորդ տարվա համար մեր կադրային քաղաքականության առաջնահերթ նպատակներն են եղել համակարգի ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը, վերապատրաստման և ուսուցման խնդիրները: Տարվա ընթացքում անց ենք կացրել տարբեր ծավալի 12 դասընթաց, ապահովել 20 հարկային ծառայողների վերապատրաստումը միջազգային հարկային ուսումնական կենտրոններում: Այժմ աշխատանքներ ենք տանում նաև մեզ մոտ ժամանակակից ուսումնական կենտրոնի ձևավորման ուղղությամբ: Նախորդ տարի համակարգում ատեստավորվել է 471 հարկային ծառայող, որոնցից 70-ը չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: Համակարգի թափուր պաշտոնների համար 2 մրցույթ ենք անցկացրել, արդյունքում հարկային ծառայության պաշտոնի է նշանակվել 73 դիմորդ: Հարկային ծառայողների մասով անցկացվել է 66 ծառայողական քննություն՝ նախորդ տարվա 82-ի փոխարեն, 25 այդպիսի քննություն էլ մաքսային ծառայության մասով է անցկացվել:

-Իսկ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքում ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:

-Ինչպես գիտեք, վերջին տարիներին ՊԵԿ-ը որդեգրել էր հսկողական գործառույթների կատարելագործմանն ուղղված քաղաքականություն` այդ թվում փորձելով հասնել նրան, որ ստուգումները դիտարկվեն ոչ միայն որպես հարկային մուտքերն ապահովող գործիք, այլ առաջին հերթին կանխարգելիչ և պրոֆիլակտիկ նշանակություն ունենան: Այդ քաղաքականությունից ակնկալվող արդյունքներն արդեն շոշափելի են դառնում. 2010-ին, 2009-ի համեմատ, 1509-ով պակասել է բոլոր ստուգումների ընդհանուր քանակը: Ստուգումների արդյունքում տարվա ընթացքում հայտնաբերել ենք 28,6 մլրդ դրամի լրացուցիչ գումար: Ստուգումների քանակի նվազումը ինչ-որ տեղ նաև հարկ վճարողների գիտակցական ու կարգապահական մակարդակի բարձրացման ու կոմիտեի հետ համագործակցելու պատրաստակամության արդյունք է: Ճիշտ է՝ քանակի նվազում ենք արձանագրել, սակայն որոշ դեպքերով աճել է հայտնաբերվող գումարների մեծությունը: 2009-ի ու 2010-ի ընթացքում իրականացված առաջին 10 խոշոր ստուգումների արդյունքները դիտարկելիս՝ շեշտակի աճն ակնհայտ երևում է. 2009-ին նշված ստուգումներով արձանագրված ընդհանուր գումարը կազմել է 5.198.672,5, իսկ 2010-ին` արդեն 9.636.364,0 հազ. դրամ: Խստացրել ու էլ ավելի արդյունավետ ենք դարձրել պայքարը՝ խոշոր չափերի հարկեր թաքցնողների ու հարկային քաղաքականության սկզբունքներին հակասող այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք անապրանք հաշիվների դուրս գրումն ու կեղծ ձեռնարկատիրությունն են: Դրանց դեմ պայքարը եղել ու մնում է մեր գերակա խնդիրների և միջոցառումների շարքում: Խնդրի կարևորությունից ելնելով` համատեղ աշխատանքներ ենք իրականացնում նաև համապատասխան պետական կառույցների հետ, մասնավորապես աշխատանքային հանդիպումներ ենք ունենում ՀՀ գլխավոր դատախազի հետ` այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր եղանակներն ու առաջնահերթությունները քննարկելու համար: Համակարգչային ծրագրերի կիրառման, ինչպես նաև տեղեկությունների մշակման ու վերլուծության արդյունքում բազմակողմանի աշխատանքներ ենք իրականացնում նման գործարքների բացահայտման ու դրանց նկատմամբ համապատասխան գործողությունների իրականացման ուղղությամբ: Շատ կարևոր է նաև օրենսդրական դաշտի կատարելագործման հարցը. արդեն կատարվել են փաստաթղթաշրջանառության կարգավորմանը նպաստող մի քանի օրենսդրական փոփոխություններ: Վարչարարական ու մեթոդական միջոցառումների իրականացման հետ մեկտեղ՝ շարունակում ենք փաստաթղթաշրջանառության կարգավորման ոլորտում հարկ վճարողների իրազեկման, բացատրական աշխատանքները, քանի որ դա ևս կարող է մեծապես նպաստել մեր կողմից ակնկալվող արդյունքի ապահովմանը:

-Դուք նշեցիք, որ 2011-ը կոմիտեն հայտարարել է սպասարկման նոր որակի տարի, ու հարկ վճարողների ն մատուցվող ծառայություններ ն այս տարվա առաջնահերթ խնդիրների շարքում են լինելու: Բացիդրանից, որո՞նքեն 2011-ի մյուսհիմնականուղենիշերը:

-Այս տարվա մեր մյուս առաջնահերթ խնդիրը մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումն է: Ներկայում բոլոր մաքսային հայտարարագրերը ներկայացվում են թղթային տարբերակով, մաքսավճարների վճարման համար տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում բանկ այցելել, այնուհետև վճարման հանձնարարականով ներկայանալ մաքսային մարմին, ինչը զգալիորեն երկարացնում է ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը: Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ գործընթացն էլեկտրոնային դարձնել, այսինքն` կիրառել էլեկտրոնային ստորագրության և մաքսային հայտարարագրի էլեկտրոնային վճարման համակարգը, որի արդյունքում կպարզեցվի հայտարարագրման գործընթացը և կնվազի մաքսային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը: 2011-ին մեր առջև խնդիր ենք դրել նաև` արդիականացնել հարկային հսկողության մեխանիզմները, բարձրացնել համակարգի կառավարման ընդհանուր արդյունավետությունը: