- Պրն Խաչատրյան, հարկային ոլորտի բարեփոխումները հիմնված են օրենսդրական դաշտի զգալի փոփոխությունների վրա: Մաքսային բարեփոխումների ընթացքում նման բան տեղի չունեցավ: Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մաքսային օրենսգիրքը և մյուս իրավական ակտերը անթերի են:
 
- Մաքսային ոլորտի բարեփոխումները նույնպես հիմնված են օրենսդրական դաշտի զգալի փոփոխությունների վրա: Մասնավորապես, այդ փոփոխությունների հիման վրա կարգավորվել են մաքսային հսկողության, ձևակերպումների, մաքսային հայտարարագրի անվավեր ճանաչման, դրանում ճշգրտում կամ լրացում կատարելու, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ առաջացող և մաքսային ընթացակարգերի ավտոմատացման պահանջներից բխող հարա- բերությունները: Բացի այդ, օրենսդրական հիմք է ստեղծվել ինքնահայտարարագրման գործընթացում մաքսային միջնորդական և մաքսային փոխադրողի գործունեություն իրականացնող անձանց առավել ակտիվորեն  ներգրավելու համար:
Մաքսային օրենսդրության և ընթացակարգերի պարզեցման, ինքնահայտարարագրման մեխանիզմի կիրառման ընդլայնման, ինչպես նաև մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման պահանջներով պայմանավորված` ՀՀ մաքսային օրենսգրքում մի շարք փոփոխություններ ու լրացումներ են կատարվել: Մասնավորապես, ինքնահայտա- րարագրման գործընթացում մաքսային բրոքերների ընդգրկման շրջանակի ընդարձակման նպատակով ներառվել են ինքնահայտարարագրման գործընթացում բրոքերների, մաքսային ձևակերպումների մասնագետների և մաքսային գործի բնագավառում մաքսային փոխադրողների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև նրանց` մաքսային մարմիններում հաշվառելու հետ կապված հարցերը: Սահմանվել  են «ժամանակավոր ներմուծումª վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանումª վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ՀՀ ներմուծված և արտահանված ապրանքների վերամշակման արդյունքում առաջացած թափոնների և մնացորդների մաքսային ձևակերպումների վերաբերյալ դրույթներ` այդ թափոնների և մնացորդների նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով: Սահմանվել է մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ` «մաքսային հսկողության գոտու կազմակերպում», ինչի արդյունքում ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային հսկողությունը կիրականացվի առավել արդյունավետ: Մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խստացվել են մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի դրույթները: Մաքսային մարմիններին վերապահվել են նախաքննության իրականացման գործառույթներ: Սահմանվել է դրույթ, որի համաձայն`  հետբացթողումային հսկողության արդյունքում մաքսային վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում լրացվող նոր մաքսային հայտարարարագիրը կփոխարինվի մաքսային վճարների վճարման տեղեկանքով և մաքսային հայտարարագրի ճշգրտումների փաստաթղթով, որը կհանդիսանա նախկին մաքսային հայտարարագրի անբաժանելի մասը: Վերադաս մաքսային մարմնին վերապահվել է մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձանց ռեեստրի վարման գործառույթ` վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով
Բացի վերը նշվածներից, ինքնահայտարարագրման գործընթացի պարզեցման, փաստաթղթային շրջանառության կրճատման և մաքսային հսկողության ավտոմատացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և արագացման պահանջներով պայմանավորված` մաքսային օրենսգրքի վերը նշված փոփոխությունների և լրացումների կիրարկումն ապահովող փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև մի շարք այլ իրավական ակտերում, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել ենք Մաքսային ծառայության պաշտոնական կայքում:
 
- Վերջին շրջանում հաճախակի են դարձել Ձեր շփումները գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել
 
- Արտաքին տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված գործարարների, առհասարակ մաքսային և հարկային ոլորտներին առնչվող կազմակերպությունների   ներկայացուցիչների հետ հանդիպումները կոմիտեում  կազմակերպվում են պարբերաբար, որպեսզի բարեփոխման այն քայլերը, որոնք սկսել են իրականացվել, անակնկալ չլինեն գործարարների համար, այլ նախապես քննարկվեն` ոլորտ առ ոլորտ, և  վերջիններս իրազեկ լինեն այդ ամենից, նաև   ժամանակ ունենան ինչպես հարկն է` նախապատրաստվել այդ փոփոխություններին և նոր պահանջներին: Այսպիսով, հանդիպումների գլխավոր նպատակն է`  պարզ և անմիջական հարց ու պատասխանի միջոցով վեր հանել հարկային-մաքսային ծառայություններում առկա խնդիրները, ի վերջո հասնել նրան, որպեսզի այլևս վերանա տնտեսվարող սուբյեկտ-Կոմիտե տարանջատումը, նրանք ունենան միևնույն խնդիրներն ու համատեղ գտնեն դրանց լուծման տարբերակները:
Սակայն համագործակցելու նախաձեռնություն պետք է ցուցաբերեն ոչ միայն մաքսային և հարկային ծառայությունները. գործարարներն իրենք էլ պետք է բարեխիղճ և օրինապահ լինեն: Ի դեպ, այժմ գործարարներն իրենք էլ նկատում են, որ օրենքի շրջանակներում գործելն ու արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելն առավել շահավետ է նրանց համար, քանի որ հակառակ դեպքում չեն խուսափելու  հետբացթողումային  հսկողությունից: Կարծում եմ նաև դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում նվազել են իրավա- խախտումների դեպքերը, գործարարաները դարձել են առավել օրինապահ:
 
-Պրն Խաչատրյան, Մաքսային վարչարարական միջոցառումների հետևանքով մի շարք դեպքերում փոխվում է մաքսային արժեքի որոշման մեթոդիկան: Դեռևս հստակեցված չէ մաքսային մարմինների կողմից որոշված մաքսային արժեքի հաշվարկի ու հիմնավորման ձևը և այն հայտարարատուին ներկայացնելու կարգը: Արդյունքում, գործարարները ավելի շատ հարկեր և տուրքեր են վճարում, չնայած օրենսդրական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Չեք կարծո՞ւմ, որ մաքսային արժեքի հաշվարկման փոփոխությունները պետք է կարգավորվեն ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտերով, որոնք թույլ չեն տա տարընթերցումներ:
 
-  Մաքսային արժեքի որոշման մեթոդիկան կարգավորվում է գործող մաքսային օրենսդրությամբ, մասնավորապես` ՀՀ մաքսային օրենսգրքի 4-րդ բաժնում նշված դրույթներով և ՀՀ կառավարության համապատասխան /թիվ 2170/ որոշմամբ: Այն գործում է բավականանին հստակ` ըստ մաքսային արժեքի որոշման 6 մեթոդների: Մեթոդն ի դեպ որոշվում է ըստ ապրանքն ուղեկցող փաստաթղթերի:

Մաքսային օրենսգրքով կարգավորվող մաքսային արժեքի հաշվարկման մեթոդիկան համահունչ է առևտրի միջազգային կանոներին և համաձայն գործող համաձայնագրի /GATT-ի համաձայնագիր/` համապատասխանեցված է առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին: Հետևաբար, ավելի մեծ իրավական ուժ ունեցող ակտեր, քան վերը թվարկվածն է` գոյություն ունենալ չեն կարող:
 
-  Պրն խաչատրյան, մետաղների միջազգային գների անկման և դրա հետևանքով Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների շա- հույթների նվազման հետ կապված, վտանգ կա՞ արդյոք, որ պետբյուջեի եկամուտների չորրորդ եռամսյակի պլանը չի կատարվի: Այդ առումով, ինչպիսի՞ն են ռիսկերի գնահատականները 2009թ. համար:
 
- Իհարկե, վերջին շրջանում, համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված, տեղի է ունեցել մետաղների միջազգային գների անկում, ինչը բնականաբար իր ազդեցությունը կունենա նաև ՀՀ արտահանման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող այս ոլորտում: Ինչ վերաբերում է հանքարդյունահանման ոլորտի կազմակերպությունների շահույթների նվազմանը և բյուջեի եկամուտների հավաքագրմանը, ապա դրան գնահատականներ տալը դեռևս վաղ է. դրա մասին կարող ենք խոսել 2009 թվականին, երբ նշված կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա հնարավոր կլինի ամփոփել 2008 թվականի տարեկան գործունեության արդյունքները և ստանալ ամբողջական պատկերը:
 
- Պրն Խաչատրյան, 2009թ. պետք է սկսվի քաղաքացիների հայտարագրերի լրացման գործընթացը: Ձեր ղեկավարած համակարգը պատրա՞ստ է արդյոք դրան:
 
- Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրումը  նոր երևույթ չէ: Հայտարատուների մեծ մասն արդեն ունի հայտարարագիր ներկայացնելու  փորձ` սկսած 2002 թվականից: Համապատասխան  փորձառություն ձեռք է բերել նաև հարկային մարմինը, ինչը դյուրին է դարձնում հարկային մարմնի աշխատանքները, ընդունվել են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր, պարբերաբար  իրականացնում ենք իրազեկման  աշխատանքներ, որպեսզի հայտարարագրման գործընթացում ներգրավված ֆիզիկական անձինք դժվարություններ չունենան:
Հիմա  մշակման  վերջին  փուլում   է գտնվում  հայտարարագրերի   համակարգչային բազա մուտքագրման  և  վերլուծության   ծրագիրը: Մինչև տարեվերջ համապատասխան կազմակերպչական և գործնական  աշխատանքների կազմակերպումը կավարտենք:
 
-Պրն. Խաչատրյան, Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոն դարձնելու համար նախատեսված հայեցակարգով ծրագրվում է մի շարք ուղղություններով հարկային բարեփոխումներ իրականացնել, ընդ որում` բավական սեղմ ժամկետներում: Ի՞նչ ընթացքում են այդ աշխատանքները:
 
- Ինչպես գիտեք, գործում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայա- ցում:
Փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման նպատակով`  մշակվել և 2008թ. օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Այդ փաթեթով մասնավորապես նախատեսվում է, որ 2009թ. հունվարի 1-ից կդադարի գործել «Պարզեցված հարկի մասինե ՀՀ օրենքը, սահմանել է ԱԱՀ-ով չհարկվող շրջանառության շեմ` 58.35 մլն. դրամի չափով, ընդ որում, այդ շեմը չի գործելու այն ոլորտներում, որոնց բնորոշ չեն իրացման շրջանառության փոքր ծավալներ: Մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները շահութահարկը (կազմակերպությունները) և եկամտահարկը (անհատ ձեռնարկատերերը) կհաշվարկեն ընդհանուր սահմանված կարգով և կներկայացնեն տարեկան մեկ անգամ շահութահարկի և եկամտահարկի պարզեցված հաշվար: Հարկ վճարողների մի ստվար զանգված (որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը և ավել է 60 մլն դրամից) ԱԱՀ գծով հաշվետվությունները կներկայացնեն ոչ թե ամսեկան, այլ արդեն եռամսյակային կտրվածքով, մինչև 5 աշխատող ունեցող գործատուները կներկայացնեն եռամսյակային հաշվետվություն (նախկինում ամսեկանի փոխարեն). Միաժամանակ, ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվերով, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների հաշվին ՀՀ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջոցով իրականացվում է ՀՀ-ում գործարքների փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության խնդիրների հետազոտություն, որի հիման վրա կմշակվեն փաստաթղթավորման, հաշվառման բեռի կրճատման վերաբերյալ հետագա առաջարկություններ:
Ծրագրի 2-րդ կետի իրագործման նպատակով` այժմ հարկային մարմնում աշխատանքներ են ընթանում` հարկային մարմիններ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Աշխատանքները գտնվում են նախապատրաստման վերջնական փուլում: Կազմակերպվել են քննարկումներ մասնավոր մասնագիտացված հատվածի ներգրավմամբ (առաջին հերթին ՏՏ կազմակերպություններ): «Microsoft» կազմակերպության հետ կնքվել է հուշագիր, որով «Microsoft»-ն աջակցելու է էլեկտրոնային եղանակով հաշվարկների և տեղեկությունների` հարկային մարմիններ ներկայացման համակարգի ներդրման աշխատանքներին: Նախատեսվում է մի շարք քննարկումներից հետո «պիլոտայինե կարգով իրականացնել որոշ  հաշվետվությունների` էլեկտրոնային տարբերակով ընդունում: Փորձարկումից հետո նախատեսվում է քննարկել ի հայտ եկած խնդիրները և ներկայացնել առաջարկություններ վերջիններիս լուծման ուղղությամբ:
Ծրագրով նախատեսվում է նաև ՀՀ պետական կառավարման մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում, դրա կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացում, մասնավորապես, ՓՄՁ-ի կողմից ֆինանսական հաշվետվության ներկայացման պահանջի վերացում:
Փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման նպատակով մշակված և ընդունված  օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, որ ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները ֆինասնական հաշվետվու- թյուններ չեն ներկայացնում  հարկային մարմիներ: Միաժամանակ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը կարող է որոշակի խմբի տնտեսվարողների համար հաստատել ու շրջանառության մեջ դնել ավելի մատչելի, պարզ շարադրված հաշվապահական ստանդարտներ:
 Ծրագրով նախատեսված հաջորդ կարևոր քայլը ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրումն ու կիրառումն է, ինչպես նաև «Ռիսկի գործոնների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությանե և «Ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձի գործընթացին օժանդակող, հաշվառողե համակարգչային ծրագրերի մշակումն ու ներդրումը: Մանրամասնեմ. ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման նպատակով` մշակվել և փորձնական ներդրվել է ռիսկային ցուցանիշների հաշվի առմամբ գործող համակարգչային ծրագրային ապահովում: Ներկայումս իրականացվում են այդ համակարգի փորձնական կիրառման և շտկման աշխատանքներ: Մինչ այդ, նշված չափանիշներով ընտրությունը կատարվում է (սկսած 2007թ. նոյեմբերից) ստուգվողների 50 տոկոսի չափով: Նախատեսվում է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման աշխատանքներն ամբող- ջությամբ ավարտել 2009թ. օգոստոս ամսին:
 
-Պրն. Խաչատրյան, 2008թ. Կառավարությունը տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման լայնամասշտաբ միջոցառումներ իրականացրեց: Սակայն փորձը ցույց է: տալիս, որ ՀԴՄ-ները տեղադրելուց հետո ոչ բոլոր առևտրային կետերն են պահպանում դրանց շահագործման կանոնները: Ի՞նչ միջոցներով եք փորձելու խրախուսել ՀԴՄ-ների օգտագործումը:
 
- Արդեն մոտ 10 տարի է, ինչ կառավարությունը միջոցառումեր է իրականացնում կանխիկ դրամով գործառնություններ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ուղղությամբ: Սակայն պետք է նշեմ, որ այս տարի լայնամասշտաբ գործողություններ իրակա- նացվեցին առևտրի իրականացման կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների տեղադրման ուղղությամբ: Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչների կողմից ՀԴՄ-ների ներդրման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է. ներկա պահին տեղադրված է ավելի քան 4 300 ՀԴՄ: Պետական եկամուտների կոմիտեի կողմից  ամենօրյա հսկողական աշխատանքներ են իրականցվում   առևտրի իրականացման վայրերի այն բոլոր կազմակերպիչների նկատմամբ, որոնք ՀԴՄ-ների ներդրման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկում: Առևտրի իրականացման բոլոր վայրերում ՀԴՄ-ների շահագործման կանոների նկատմամբ հսկողությունն ամբողջ թափով կիրականացվի ՀԴՄ-ների ներդրման ավարտից հետո, որպեսզի պետական ներգործության միջոցների կիրառման առումով հավասար մոտեցում ցուցաբերվի ՀԴՄ-ներ տեղադրած  ու դեռևս չտեղադրած առևտրի իրականացման վայրերի համար:
 
-Պրն Խաչատրյան, Դուք ներդնում եք ՀԴՄ կտրոններով վիճակախաղի հետաքրքիր պրակտիկա: Դա շարունակակա՞ն, թե՞ ժամանակավոր միջոցառում է լինելու:
 
- Կառավարության կողմից ընդունվեց հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը, որով նախատեսվում է 2009 թվականից ՀԴՄ կտրոններով վիճակահանության կազմակերպում և պարգևավճարի ու բոնուսի տրամադրում: Վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչված անձը կստանա սահմանված չափով պարգևավճար և նաև բոնուս` ՀԴՄ կտրոնում արտացոլված գործարքի արժեքի համապատասխան չափով: Վիճակահանության անցկացման արդյունքում ակնկալվում է, որ գնորդները ոչ միայն վիճակահանության ընթացքում շահման ակնկալիքով ՀԴՄ կտրոն կպահանջեն, այլև հետևողական կլինեն ՀԴՄ կտրոնում գործարքի իրական արժեքի արտացոլմանը, քանի որ այն հանդիսանալու է բոնուսի տրամադրման հիմքը: Վիճակահանության կազմակերպմամբ պայմանավորված` կանխատեսվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջանառության իրական ծավալների բացահայտում: Վիճակահանության անցկացման շարունակական լինելը կախված է դրա` բյուջեի եկամուտների աճին նպաստելու աստիճանից և արդյունավետությունից: Բնականաբար, ցանկալի արդյունքի ստացման դեպքում, այն շարունակական կլինի: