Կոմիտեն վստահում է գործարարին և նույնն ակնկալում նրանից
 
-Պրն Խաչատրյան, արդեն մեկ տարի է, ինչ հարկային և մաքսային ծառայությունները գործում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմի մեջ: Երկու կառույցները միավորելու նպատակը եղել է դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Երկրի նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ հարկային և մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց` որոշակի փոփոխություններով: Մեկ տարվա արդյունքներն այսօր արդարացնու՞մ են ի սկզբանե առաջադրված այդ նպատակները:
 
- Նախ հատկանշական է այն, որ այսօր համակարգի գործառույթների նկատմամբ մեր մոտեցումներն ենք փոխել: Այսօր մեզ համար առաջնահերթ խնդիր է ոչ միայն մուտքերի ապահովումը, այլև հարկային և մաքսային գործառույթները հիմնովին բարեփոխելը: Տարիներ շարունակ այս համակարգի թիվ մեկ խնդիրը համարվել է միայն եկամուտների հավաքագրումը, իսկ մնացած գործառույթներն այնքան էլ առաջնային չեն դիտվել, սակայն, պետական եկամուտների կոմիտեի կազմավորումից ի վեր, մուտքերի ապահովումից բացի այժմ հավասարապես կարևորում ենք նաև մյուս գործառույթները, որոնց բարեփոխման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել նախորդ տարի, և դեռ շատ ավելին էլ նախատեսում ենք առաջիկայում:
Մեկ տարվա ընթացքում բարձրացել է ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը, բարելավվել են աշխատանքը բնութագրող հիմնական ցուցանիշները, հաջողվել է ապահովել կոմիտեի առջև դրված հիմնական խնդիրները` կատարել 2008 թվականին պետբյուջեով նախատեսված եկամտային մուտքերի ծրագիրը, միջոցներ ձեռնարկել 2009-ի եկամուտների ապահովման ուղղությամբ` հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի հետևանքները:
Անցյալ տարի կառավարությունում հաստատվեց հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ծրագիրը, որում արտացոլվեցին մեր հիմնական խնդիրներն ու զարգացման ուղղությունները: Բյուջեի մուտքերի ապահովումից բացի կարևորվեց խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հարկային ու մաքսային միջոցառումները, ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը, էլեկտրոնային կառավարման նախադրյալների ստեղծումն ու գործարկումը, կառուցվածքային ու կադրային բարեփոխումները, թափանցիկության և վստահության մթնոլորտի ապահովումը, ինչպես նաև ստվերային շրջանառությունների հարկումն ու փաստաթղթաշրջանառության դերի բարձրացումը, ինչն այսօր մեր կարևորագույն խնդիրներից է: Այս ամբողջն իրականացնելու համար նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում իրականացնել շուրջ 150 միջոցառում: 2008-ին և այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում այդ միջոցառումների մի մասն իրականացվել է. դրանց ընթացքի մասին պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել ոչ միայն ՊԵԿ-ում, այլ նաև ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Եկամուտների վարչարարության բարելավման խորհրդում:
Մեկ տարվա գործունեության արդյունքներից կցանկանայի հատկապես անդրադառնալ եկամուտների ապահոման ուղղությամբ արձանագրված ցուցանիշներին: 2008թ. առաջին կիսամյակի արդյունքներով` լուրջ ռիսկեր կային հատկապես հարկային մարմնի մասով բյուջետային մուտքերի ապահովման ուղղությամբ: Սակայն պետական եկամուտների կոմիտեի ստեղծումը թույլ տվեց համախմբել ուժերը, բաշխել և վերաբաշխել հարկային ու մաքսային մուտքերի բեռը, որոնց արդյունքում մեզ հաջողվեց տարին ամփոփել` ապահովելով բյուջեի ծրագրով նախատեսված ցուցանիշը: Հավաքագրվեցին 615մլրդ դրամի մուտքեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցեց 120մլրդ դրամով կամ 24 տոկոսով: Ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև այս տարվա առաջին կիսամյակի արդյունքերի վրա. արձանագրվեց ՀՆԱ-ի անկում` շուրջ 16 տոկոսով, ինչն էլ իր հերթին ազդեց հարկային և մաքսային մուտքերի վրա, կրճատվեց ներմուծումը` շուրջ 23 տոկոսով, մի շարք արտադրություններ հատկապես հանքահումքային ոլորտում դադարեցրին կամ զգալիորեն կրճատեցին արտադրության ծավալները, կրճատվեցին շինարարության ծավալները, նաև` երկիր մուտք գործող տրանսֆերտները: Այս և նման այլ խոշոր գործոնների ազդեցությամբ պայմանավորված` կանխատեսվում էր, որ բյուջեի հարկային եկամուտները զգալիորեն կկրճատվեն, ինչն անթույլատրելի կլիներ թե ֆինանսական առումով, թե սոցիալ-տնտեսական կարևորագույն միջոցառումների անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու տեսանկյունից: Սակայն պետք է փաստեմ, որ մեզ հաջողվեց կանխել այդ կորուստները և այս կիսամյակ ապահովել շուրջ 240մլրդ դրամի եկամուտ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 86 տոկոսն է կազմում: Զուգահեռաբար մեզ հաջողվել է ապահովել 48մլրդ դրամի սոցվճարների հավաքագրում, ինչն անգամ ճգնաժամի պայմաններում 1.4մլրդ-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` թույլ չտալով ուշացնել թոշակների ու աշխատավարձերի վճարումը:
 
- Պրն Խաչատրյան, իրականացվող բարեփոխումների որոշ մասը կարծես բնույթով նոր են, օրինակ, ՀԴՄ-ների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Արդյո՞ք այդ գործընթացը սպասված արդյունքն ապահովել է:
 
-Մեր առջև ծառացած խնդիրներն իրոք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` խնդիրներ, որոնք նախկինից են գալիս ու շարունակական են, ինչպես օրինակ ստվերային շրջանառությունների կրճատումը, խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքները, հարկային օրենսդրության պարզեցումը, և խնդիրներ, որոնք անցած մեկ տարում են բարձրացվել, և որոնք պետք է լուծել կարճ ժամանակահատվածում: Դրանցից ամենակարևորը երկրում փաստաթղթաշրջանառության ապահովումն է մեծածախ և մանրածախ գնումների դեպքում: Մեծածախի դեպքում օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարվեցին, սակայն պետք է խոստովանել, որ խնդիրը դեռևս վերջնականապես լուծված չէ: Այստեղ բիզնեսն ինքն էլ, կարևոր չէ մեծածախ է թե մանրածախ, պետք է հասկանա, որ բոլորս նույն գործն ենք անում և այդ գործի կայացման հարցում հավասարապես կարևորում ենք աջակցությունը նաև իրենց կողմից: Այսինքն` բիզնես միջավայրն էլ պետք է ընդունի և ընդառաջ գա իրականացվող բարեփոխումներին, հասկանա, որ մենք ներդնում ենք աշխարհի լավագույն փորձն ու լուրջ աշխատանք ենք իրականացնում: Համոզված եմ, որ ճիշտ ճանապարհին ենք և վստահեցնում եմ. շարունակելու ենք լինել հաստատակամ և ուժեղ մեր ձեռնարկած բարեփոխումներում, որպեսզի դրանք անպայման կայանան:
Նախորդ տարի մի շարք լուրջ քայլեր ձեռնարկեցինք մանրածախ առևտրի ոլորտում ՀԴՄ-ների կիրառման միջազգային փորձը ներդնելու ուղղությամբ: Որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ, բարձրացրեցինք ՀԴՄ կտրոնի դերը` տարեկան 1մլն-ից մինչև 36մլն դրամի չափով: Լուրջ աշխատանքներ իրականացրինք հատկապես առևտրի կազմակերպման վայրերում լրացուցիչ ՀԴՄ-ների ներդրման ուղղությամբ: Պետք է ասեմ, որ քչերն էին հավատում այս միջոցառման հաջողությանը, սակայն արձանագրված ցուցանիշները հակառակն են ապացուցում: Մեզ հաջողվեց 10 տարիների ընթացքում առևտրի կազմակերպման վայրերում տեղադրված 400 ՀԴՄ-ի համեմատ նախորդ տարեվերջին տեղադրել շուրջ 8000 ՀԴՄ և առաջին անգամ ապահովել այդ 8000-ը` միասնական համակարգչային ցանցի մեջ ներգրավելու խնդրի լուծումը:
Կարևորում եմ Հայաստանում առաջին անգամ ՀԴՄ կտրոնների կիրառությանը նպաստող վիճակահանության կազմակերպումը, ինչի արդյունքում մի կողմից 14 հազար քաղաքացի ստացավ ավելի քան 230մլն դրամի պարգևավճար ու բոնուս, իսկ մյուս կողմից, կիսամյակի ընթացքում տեղադրելով շուրջ 60 000 ՀԴՄ, ապահովեցինք մանրածախ ապրանքաշրջանառության գրանցված ծավալների աճ 40 մլրդ դրամի չափով` այն էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Այսօր հասել ենք նրան, որ ՀԴՄ շահագործման կանոնների նկատմամբ ուժեղ հսկողություն է տարվում ոչ միայն պետեկամուտների կոմիտեի, այլև քաղաքացիների կողմից: Այսօր նրանք առավել իրազեկ են գործընթացից, պահանջում են իրենց գնումը հիմնավորող փաստաթուղթը` ՀԴՄ կտրոնը, իսկ այն չտրամադրելու դեպքում` օպերատիվ ահազանգում մեզ` «Թեժ գծի» միջոցով: Իհարկե, ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանությունն ու նոր ներդրված բոնուսների տրամադրման կարգը, որպես քաղաքացիներին ոգևորող մեխանիզմներ, իրենց որոշիչ նշանակությունն ունեցան հասարակական վերահսկողության ձևավորման հարցում: Կարևորը` անհրաժեշտ նպատակին գրեթե հասել ենք. մանրածախ առևտրի մի զգալի մաս ստվերից դուրս ենք բերել: Սակայն դեռ բավականին աշխատանքներ առջևում են` սպասարկման բոլոր ոլորտներում ՀԴՄ-ների շահագործման պահանջները ներդնելու ուղղությամբ, քանի որ կենցաղսպասարկման և առողջապահական ոլորտներում, օրինակ, ՀԴՄ-ների շահագործումը լիարժեք չի իրականացվում: Ուստի մեր կողմից իրականացվող վերահսկողության բոլոր հանարավոր լծակներն ու կոշտ վարչարարությունը շարունակելու ենք, մինչև ՀԴՄ-ների կիրառման կուլտուրան ամողջությամբ ներդրվի մեզանում:
 
-Դուք նշեցիք, որ երկու կառույցների միաձուլումը ենթադրում է նաև աշխատանքների կազմակերպման որակական փոփոխություններ, ինչը ներառում է կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն: Ի՞նչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ:
 
-Աշխատանքի որակական փոփոխությունները մեր կողմից որդեգրած կառավարչական, հսկողական և կազմակերպչական նոր ժամանակակից մոտեցումներն են: Կոմիտեն այժմ նպատակային անցում է կատարում դեպի էլեկտրոնային կառավարում, և ապագայում մտադիր ենք ամբողջ աշխատանքը կառուցել այդ համակարգի վրա:
Կոնկրետ կառուցվածքային բարեփոխումների մասով նշեմ, որ այս տարի հունվարին հաստատեցինք խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշները, որոնց հիման վրա առանձնացրինք Հայաստանի 325 խոշոր հարկ վճարողներին: Արդյունքում` նախկինում գործող 4 մասնագիտացված հարկային տեսչությունները վերակազմավորեցինք մեկ միասնական` Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության: Այնուհետև հաստատեցինք այդ կարևոր մարմնի գործառույթները և աշխատանքային ծրագրերը: Ներդրեցինք խոշոր հարկ վճարողների ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգի ինստիտուտ, ինչն արտացոլվում է հարկային ծառայության կայքէջում ամեն ամիս տեղադրվող ցուցանիշների միջոցով: Այս աշխատանքներին զուգահեռ` ավելի քան 800 հարկ վճարողների գործեր նշված 4 մասնագիտացված տեսչություններից տեղափոխվեցին նրանց գրանցման (հաշվառման) հարկային տեսչություններ, իսկ մի քանի տասնյակ խոշոր հարկ վճարողների գործեր տեղափոխվեցին Խոշոր հարկ վճարողների տեսչություն:
Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել այս ուղությամբ տարվող աշխատանքներին, առավել ևս, որ դա կոմիտեի ծրագրային աշխատանքների կարևոր ուղղություններից է:
Կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում կրճատվեցին 11 տարածքային հարկային տեսչություն` վերամիավորվելով ավելի խոշորների: Կառուցվածքային փոփոխություններ ենք կատարել նաև կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունում` նպատակ ունենալով ուշադրությունն առավել կենտրոնացնել տարածքային ստորաբաժանումների վրա: Օպտիմալացման արդյունքում վարչության կենտրոնական ապարատում 12-ից մնացել է 4 ոլորտային բաժին: Այսպիսով` թե' կադրային, թե' տեխնիկական վերազինման, թե' վերլուծական աշխատանքների իրականացման առումով ուժեղացնում ենք վարչության տարածքային միավորները:
Այս կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը համակարգը բանիմաց կադրերով համալրելն է, որպեսզի աշխատանքը շարունակեն լավագույնները:
 
- Այսինքն` կադրային քաղաքականության մեջ ևս փոփոխություններ եք իրականացնում:
 
-Մեր համակարգին այսօր թարմություն է անհրաժեշտ` երիտասարդ և գրագետ կադրեր: Սա իրականացվող կադրային քաղաքականության առաջնահերթ նպատակներից է: Պետական տնտեսագիտական համալսարանի հետ կազմակերպել էինք «ՀՀ հարկային գործ» և «ՀՀ մաքսային գործ» դասընթացները, որոնց մասնակցած երիտասարդներից լավագույններին արդեն ընդունել ենք աշխատանքի: Ուսումնասիրությունները և կազմակերպված դասընթացները ցույց են տալիս, որ նոր աշխատակիցներն ավելի լավ են տիրապետում համակարգչային տեխնիկային, նրանցից շատերը տիրապետում են մի քանի լեզուների, ինչը շատ ենք կարևորում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի հասարակությունը համոզվի` պետական եկամուտների կոմիտե ընդունվում են արժանիները: Ինձ հաճախ տարբեր խոսակցություններ են հասնում, թե կոմիտեն մրցույթներ է անցկացնում մարզերի և ոչ թե կենտրոնական ապարատի թափուր տեղերի համար: Հավաստիացնում եմ, որ նման միտում չկա: Մենք հնարավոր ամեն ինչ ձեռնարկում ենք, որպեսզի համակարգ ընդունվող յուրաքանչյուր երիտասարդ առաջխաղացման հնարավորություն ունենա: Սկզբնական օղակում աշխատելով են փորձ ձեռք բերում, որակյալ մասնագետ դառնում, առավել ևս, որ այսօր կոմիտեում հմուտ կադրերի պակաս ունենք: Տարիների ընթացքում` տարբեր պատճառներով, և' հարկային, և' մաքսային համակարգի շատ փորձառու և լավ կադրեր հեռացել են համակարգից: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ կադրերից շատերը համակարգից հեռացել են` աշխատանքի հրապուրիչ առաջարկներ ստանալով բիզնես միջավայրից, քանի որ պետական համակարգն իր աշխատակիցներին նյութապես շահագրգռելու հարցում այնքան էլ մրցունակ չէ բիզնեսի համեմատ: Ուստի այժմ լուրջ քայլեր ենք ձեռնարկում` մեր լավագույն կադրերին նյութապես և բարոյապես խրախուսելու ուղղությամբ:
Այսօր անհրաժեշտ է, որպեսզի համակարգի կադրային բանկը ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներով համալրված լինի: Դա փորձում ենք իրականացնել մի կողմից ատեստացիաների, մյուս կողմից էլ անցկացվելիք մրցույթների միջոցով, որոնց ընթացքում համակարգ ենք ընդունում բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների, քանի որ շատ լավ գիտակցում ենք` կառույցի գործունեության արդյունավետությունը զգալիորեն կախված է հենց գրագետ և փորձառու կադրերից: Իսկ համակարգից հեռանում են հիմնականում նրանք, ովքեր չունեն բավականաչափ գիտելիքներ, բավարար պատրաստվածության մակարդակ և չեն ընդունում հարկային ու մաքսային քաղաքականության նոր մոտեցումները: Այսպես, այս տարվա մարտ ամսից մինչև հուլիս անցկացված ատեստացիաների արդյունքում շուրջ 350 հարկային և մաքսային ծառայող չեն ատեստավորվել, ինչի հետևանքով շուրջ կեսը հեռացվել են համակարգից, իսկ մնացածը` զբաղեցրած պաշտոնից: Հարկ է նշել, որ սրան զուգահեռ ակտիվ գործում է ծառայողական քննությունների հանձանաժողովը, որը համակարգը «ինքնամաքրելու» կարևոր գործիք է այն ծառայողների համար, ովքեր պատշաճ չեն իրականացնում իրենց ծառայողական պարտականությունները: Դրանց թվում են նաև այն տեսուչները, ովքեր կասկածվում են ապօրինի ձեռնարկատիրության հովանավորչության մեջ: Ծառայողական քննությունների արդյունքում պարզում ենք հարկային և մաքսային մարմինների գործելաոճը` տեսուչից և օպերատիվ աշխատողից մինչև ղեկավար անձնակազմ: Ընդհանուր առմամբ, այս տարի տարբեր պատճառներով, այդ թվում ծառայողական քննությունների արդյունքում, աշխատանքից ազատվել է 358 աշխատակից:
Աշխատակիցների պատրաստվածության մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով` նախատեսում ենք նաև նախապատրաստման և վերապատրաստման դասընթացներ: Ընդ որում, կարևորում ենք վերապատրաստման դասընթացների անցկացումը ինչպես մեզ մոտ, այնպես էլ միջազգային լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում` Ռուսաստանի մաքսային ակադեմիայում: Հայաստանն ԱՊՀ առաջին երկիրն է, որի մաքսային ծառայության աշխատակիցները 2010-ից վերապատրաստման դասընթացներ կանցնեն այդ ակադեմիայում: Ի դեպ, մեր աշխատակիցները շուտով վերապատրաստման հնարավորություն կունենան նաև կոմիտեի նորաստեղծ ուսումնական կենտրոնում. տեղի ուսումնական բազայի հիման վրա մոտ ժամանակներս կսկսի գործել մեր ուսումնական կենտրոնը, որը զուտ ձևական բնույթ չի կրի, այլ լիարժեք կկարողանա իրականացնել վերապատրաստման գործառույթները` լուրջ ուսումնական ծրագերի միջոցով:
 
- Պրն. Խաչատրյան, փոփոխություններ իրականացվել են համակարգի գործունեության գրեթե բոլոր առանցքային ուղղություններում, սակայն փոքր, միջին և խոշոր բիզնեսի նկատմամբ տարվող քաղաքականությունը կարծես թե էապես է փոխվել: Իհարկե, այստեղ առկա են նաև կառավարության պահանջները` առավել խիստ վերահսկողության մեխանիզմներ կիրառել խոշոր բիզնեսի, և ընդհակառակը` մեղմ վարչարարություն փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ: Այս քաղաքականությունը կիրառվու՞մ է: Որքանո՞վ է այն նպաստում հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը:
 
- Փոքր, միջին և խոշոր բիզնեսի հարկման մեխանիզմների մեջ տարբերակված մոտեցումների կիրառումը հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների կարևոր ուղղություններից է: Այդ նպատակով դեռևս անցյալ տարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների համաձայն` ՓՄՁ-ի համար կատարվեցին լուրջ օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ տվեցին փոքր և միջին գործարարներին օգտվել ծանրակշիռ հարկային մեղմացումներից: Դրանք են` հարկային բեռի թեթևացումը, հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատումը, հաշվառման ու գրանցման գրքերի զգալի կրճատումը, հարկային ստուգումների նվազեցումը: Ընդհանրապես, այս մեղմացումների հետևանքով պետությունը ՓՄՁ ներկայացուցիչներին անուղղակիորեն տրամադրեց շուրջ 24 մլրդ դրամի վարկ: Ավելին, եթե ՓՄՁ-ների տարեկան հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամի շեմը, ապա նրանք ԱԱՀ վճարող չեն հանդիսանում և ընդամենը տարեկան մեկ անգամ ներկայացնում են շահութահարկի կամ եկամտահարկի պարզեցված հաշվարկ: Կարող եմ փաստել, որ այս տարվա ընթացքում` նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, տասնյակ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ արդեն գործում են ՓՄՁ-ի հարկման պարզ մեխանիզմով: Հարկ վճարողների այս խոշոր բանակից կառավարությունը հարկային մեծ ակնկալիքներ չունի, և կարծում եմ` առաջիկա տարիների ընթացքում չի էլ ունենա, պարզապես այդ դաշտում գործող տնտեսվարողներն ըստ իս պետք է ինքնահայտարարագրման միջոցով վճարեն իրենց հարկերը, ճիշտ ցույց տան իրենց շրջանառությունները` ֆինանսական պատժամիջոցներից խուսափելու համար:
Չնայած ՓՄՁ-ին շնորհված այս արտոնություններին, չնայած ճգնաժամին և աննախադեպ ծավալով գերավճարների վերադարձի ապահովմանը, մեզ հաջողվեց ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռն ավելացնել 0.5-0.6 տոկոսով, ինչը որակական փոփոխություն է հարկահավաքման ոլորտում:
Հարկերի գերակշիռ մասն այսօր ապահովում են ՓՄՁ-ից բարձր դիրքում գտնվող տնտեսվարող սուբյեկտները, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են գրավում խոշոր հարկ վճարողները: Նրանց կողմից վճարած հարկերը, հարկային և մաքսային վճարումները միջին հաշվով կազմում են բոլոր հարկ վճարողների կողմից վճարած հարկերի շուրջ 60 տոկոսը: Ահա թե ինչու մեր ուշադրության կենտրոնում են գտնվում նրանց հետ տարվող աշխատանքները, այդ թվում ֆինանսական մոնիթորինգը, ընթացիկ հարկային հսկողությունը, ստուգումները, գերավճարները և բյուջետային մուտքերը: Մի բան ակնհայտ է. մեր պետությունը հարկերից բացի այլընտրանքային եկամուտներ չունի, իսկ դրանց անհրաժեշտ մեծությունը պետք է ապահովեն մեր երկրի խոշոր հարկ վճարողները, որոնք գործում են տարբեր` կապի, վառելիքի ներմուծման և վաճառքի, էներգիայի, շինանյութերի, լեռնահանքային, տրանսպորտի, սննդամթերքի արտադրության և իրացման ոլորտներում: Ընդ որում, որքան այդ ոլորտներից հարկերը բյուջե մուտքագրվեն վերլուծությունների և հարկ վճարողների կողմից ինքնահայտարարագրման մեխանիզմների կիրառման միջոցով, այսինքն` առանց վարչարարական լծակների, այնքան մեր աշխատանքը կարելի է հաջողված համարել: Միաժամանակ, որքան նման աշխատանքներն արդյունավետ լինեն, այնքան կպակասի այդ բիզնեսներում մեր «միջամտությունը”` ուսումնասիրությունների և ստուգումների ձևով:
Եվս մեկ կարևոր հանգամանք. շատ լուրջ աշխատանքներ ենք տանում ինչպես հարկային ստուգումները, այնպես էլ մաքսային հսկողությունը ոչ թե համատարած, այլ ընտրանքային եղանակով իրականացնելու համար: Այդ ընտրանքն այլ կերպ համարվում է ռիսկերի կառավարում. վարչարարության ընթացքում մենք պարտավոր ենք մեր ռեսուրսները կենտրոնացնել ռիսկային ոլորտների, ռիսկային տնտեսվարող սուբյեկտների վրա և վարչարարական միջամտություն չունենալ կամ այդ միջամտությունը նվազագույնի հասցնել այն ոլորտներում ու այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք ինքնակամ ու ճիշտ ժամանակին վճարում են հարկերը, հայտարարագրում ճիշտ շրջանառություններ ու գներ: Ցավոք, սակայն, հանրապետությունում շատ քիչ տոկոս են կազմում նման հարկատուները, ովքեր փորձում են ստվերում չաշխատել և կամովին վճարել հարկերը, իսկ նման պայմաններում, երբ «ռիսկայնությունը» գրեթե համատարած է, ռիսկային կառավարում ասվածը չի կարող լիարժեք գործել:
 
- Պրն Խաչատրյան, ի՞նչ հիմնական քայլեր եք ձեռնարկում ստվերը խոշոր բիզնեսում կրճատելու ուղղությամբ: Որքանո՞վ է հաջողվում այն բերել հարկային դաշտ:
 
- Ստվերը հարկերի վճարումից անբաժան է, ուղղակի տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում ու տարբեր հարկ վճարողների մոտ այդ ստվերի աստիճանը տարբեր է: Այդ առումով, իհարկե, ստվերն ավելի մեծ է խոշոր հարկ վճարողների մոտ: Սակայն չի կարելի ասել, թե ՓՄՁ ոլորտում այն առկա չէ, և եթե ՓՄՁ սուբյեկտն ակնհայտորեն «ձեռնոց է նետում» պետությանը` չվճարելով հարկը կամ հաճախակի չտրամադրելով ՀԴՄ կտրոն, կամ թույլ տալով համանման այլ խախտումներ, ապա հարկային վարչարարությունը նման սուբյեկտի նկատմամբ ևս անտարբեր չի կարող լինել: Ընդհանրապես, և խոշոր, և ՓՄՁ բիզնեսում ստվերի հիմքը փաստաթղթաշրջանառության պակասն է, շրջանառությունների և ծավալների գործող թերհայտարարագրումը: Ճիշտ է, փաստաթղթաշրջանառության հարցում փոքրը մեղադրում է խոշոր բիզնեսին ապրանքներ ձեռք բերելու դիմաց փաստաթղթեր չտրամադրելու մեջ, խոշորն էլ իր հերթին մեղադրում է փոքր բիզնեսին, որ փաստաթղթեր չեն վերցնում, սակայն, ի վերջո, այս փոխադարձ մեղադրանքների հետևանքով տուժում է պետությունը, քանի որ առանց համապատասխան փաստաթղթերի աշխատելն ուղղակիորեն մեծացնում է ստվերային շրջանառությունը: Մենք այժմ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում` այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Այսօր հարկերի հավաքագրումն ու ստվերը պետք է դիտարկել մեկ ընդհանուր շղթայի մեջ, և եթե ստվերն առկա է այդ շղթայի անգամ մի փոքր օղակում, ապա խաթարվում է ամբողջ շղթայի գործունեությունը, որքան էլ որ նրա մյուս բոլոր օղակները փորձեն լիարժեք գործել:
Տարբեր պատճառներով այսօր մեր տնտեսության մեջ առկա են ստվերային շրջանառության տարբեր մակարդակներ: Սա պայմանավորված է նաև կոնկրետ ոլորտների առանձնահատկություններով, ձևավորված ավանդույթներով, այդ թվում` հաշվառման և ֆինանսական կարգապահության զարգացվածության աստիճանով: Խիստ անհրաժեշտություն կա` ստվերը կրճատել հատկապես շինարարության, հանքարդյունաբերության, լայն սպառման ապրանքների արտադրության և ներմուծման, մանրածախ առևտրի, ենթաակցիզային ապրանքների արտադրության և ներմուծման, որոշ սննդատեսակների արտադրության բնագավառներում, իսկ սպասարկման ոլորտից` հյուրանոցների, տրանսպորտի և տուրիզմի բնագավառներում: Թեպետ ֆինանսական ճգնաժամն այսօր լուրջ խնդիրներ է առաջացրել այդ ոլորտներում, հատկապես հանքարդյունաբերության և շինարարության, որոնցում իրացման շրջանառության կտրուկ անկում է արձանագրվել, ինչն էլ բնականաբար հանգեցրել է վճարվող հարկերի և սոց. վճարների կրճատմանը: Սակայն լավ նորություն էլ ունենք. դրական ցուցանիշներ ենք ապահովել մի շարք այլ ոլորտներում. օրինակ բանկային և վարկային կազմակերպությունների` պետբյուջե փոխանցած հարկերն աճել են գրեթե 45 տոկոսով: Այստեղ մեծ բաժին ունի շահութահարկը, ինչի արդյունքում բյուջեի մուտքերն ավելացել են նաև այդ մասով: Ներմուծողների ոլորտում ևս գերակատարման ցուցանիշ ունենք. այս կիսամյակում նրանց կողմից պետբյուջե փոխանցված հարկերն ավելացել են 10 տոկոսով:
 
- Դուք նշեցիք, որ բիզնեսում ստուգումներն աշխատում եք իրականացնել այնպես, որ չզգացվի հարկայինի ամենօրյա միջամտությունը: Արդյո՞ք բիզնեսն ինքն էլ ինչ-որ քայլեր փորձում է ձեռնարկել համակարգին օգնելու կամ ինքնակամ ստվերից դուրս գալու ուղղությամբ: Այսինքն բիզնեսի կողմից վերաբերմունքի փոփոխություն զգացվու՞մ է:
 
- Մենք, համենայն դեպս, հնարավոր ամեն ինչ ձեռնարկում ենք այդպիսի մթնոլորտ ձևավորելու համար, փորձում ենք բիզնեսի համար աշխատանքի առավելագույն բարենպաստ պայմաններ ապահովել: Ես բազմիցս եմ հայտարարել` հարկային և մաքսային մարմինները չպետք է վարչարարական արգելքներ ստեղծեն /բարիեր/ գործարարների համար, ընդհակառակը, մենք այսօր ցանկանում ենք այնպես աշխատել, որպեսզի բիզնեսի համար հարկային դաշտում գործելը միայն շահեկան լինի: Դա փորձում ենք իրագործել ընթացակարգերի պարզեցման, օրենսդրական բարեփոխումների, ստուգումների նվազեցման միջոցով, սակայն նույնիսկ լավագույն ցանկության դեպքում չենք կարող նշանակալի արդյունքների հասնել, եթե մյուս կողմի մոտ ընդառաջ գալու ցանկություն չլինի: Առանց համատեղ աշխատանքի այսօր հնարավոր չէ օպտիմալ լուծել վարչարարական խնդիրները: Հարկային և մաքսային վարչարարության գործառույթներն իրականացնելիս` մենք աշխատում ենք ավելի շատ գործընկերային հարաբերություններ ունենալ հարկ վճարողների հետ, շեշտը դնել ոչ թե հարկադրանքի, այլ ինքնագնահատման համակարգի ուժեղացման վրա: Մենք այնպիսի գործելաոճ ենք ընտրել, որ հնարավորինս չխանգարենք հարկ վճարողին, այլ ընդհակառակը, տեղյակ լինենք գործարարի բոլոր խնդիրներին: Ի վերջո հարկերի հավաքագրումը մեծապես կախված է հենց նրանց գործունեության արդյունավետությունից: Պետք է փորձենք լսել իրար և գործընկերներ լինել: Իսկ երկխոսության առիթներ մենք գործարարներին պարբերաբար ընձեռում ենք` հանդիպելով և աշխատանքային քննարկումներ կազմակերպելով նրանց հետ: Այդ քննարկումների ընթացքում փորձում ենք նրանց ներկայացնել բարեփոխման մեր պատկերացումները, հաշվի առնել նաև նրանց կարծիքը խնդիրների լուծման ճանապարհին:
 
- Դուք հիմնականում անդրադարձաք համագործակցությանը հարկային մասով: Այդ նույն վերաբերմունքը դրսևորվու՞մ է արդյոք ներմուծողի նկատմամբ: Բացի քննարկումներից և երկխոսությունից ուրիշ ի՞նչ դրսևորումներ է ունենում մաքսավոր-գործարար համագործակցությունը:
 
- Նախ նշեմ, որ մաքսային ծառայությունն այսօր չպետք է դիտել որպես զուտ ֆիսկալ խնդիրներ լուծող մարմին, քանի որ նրա հիմնական գործառույթը տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումն է: Կարևոր է, որպեսզի կարողանանք հարկահավաքության խնդիրն այսօր այնպես կարգավորել, որպեսզի հարկման ծանրաբեռնվածությունը սահմանից տեղափոխենք ներքին դաշտ, այսինքն, սահմանին թեթևացնելով հարկային բեռը, ուշադրությունը կենտրոնացնենք մաքսային ծառայության այլ կարևոր գործառույթների վրա` պարզեցնենք ընթացակարգերը, կրճատենք փաստաթղթաշրջանառության ծավալները, կատարելագործնք մաքսային օրենսդրությունը, թեթևացնենք մաքսակետերի ծանրաբեռնվածությունը, մի խոսքով` ներմուծողի գործն առավել դյուրին դարձնենք` հենց սահմանից սկսած: Համոզված եմ, որ, օրինակ, փաստաթղթային քաշքշուկ ասվածը գործարարների համար այլևս անցյալում է: Համակարգն անվերադարձ ընտրել է ընթացակարգերի պարզեցման ուղին. եթե հայտարարագրելու ոչինչ չկա, ապա մաքսակետերում արդեն հնարավոր է առանց ավելորդ ընթացակարգեր անցնելու, առանց որևէ փաստաթղթի, սահմանը հատել «կանաչ ուղիով»: Էական բարեփոխումներ ենք իրականացրել նաև մաքսային ընտրողականության համակարգում` ազատականացնելով մաքսավոր-ներմուծող հարաբերությունները: Թերևս գիտեք, որ մաքսային ընտրողականության համակարգն առանձնացնում է ռիսկայնության երեք գոտի կամ չափանիշ` «կանաչ», «դեղին», «կարմիր»: «Դեղինի» դեպքում այսօր միայն փաստաթղթերի զննում է պահանջվում: «Կարմիր ուղու» դեպքում էլ եթե նախկինում զննումը ձեռքի օգնությամբ էր իրականացվում, ապա այժմ այդ գործառույթը ժամանակակից սարքավորումների «պարտականությունն է»: Իսկ եթե բեռնամաքսային հայտարարագիրը էլեկտրոնային տարբերակով լրացնելիս` ծրագիրը «կանաչ ուղին» է ընտրում, ապա առանց որևէ փաստաթղթի կարելի է ապրանքը հանգիստ վերցնել պահեստից` առանց մաքսավորի հետ շփվելու: Ավելին ասեմ. այս կիսամյակ «կանաչ ուղու» տեսակարար կշիռը հասցրել ենք 67 տոկոսի, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Սա նաև համապատասխանում է պահանջվող եվրոպական չափանիշներին: Այսպիսով, ամեն ինչ անում ենք տնտեսվարողի գործունեության համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերելու ուղղությամբ, սակայն սա ամենևին չի նշանակում, թե հսկողական մեխանիզմները թուլացրել ենք: Մաքսայինի ստուգման և վերահսկման մեթոդները թեև աննկատ, սակայն խիստ են գործում, անգամ երբ ապրանքն արդեն հանձնվել է տնտեսվարողին: Այստեղ գործի են դրվում կրկնակի և հետբացթողումային մաքսային հսկողության լծակները: Մաքսային հայտարարագիրը և հսկողության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը հետագայում ուսումնասիրվում են, և եթե հետբացթողումային ստուգման արդյունքում պարզվում է, որ դրանք ակնհայտ կեղծ են կամ թերի հայտարարագրված, ապա իրավասու ենք տնտեսվարողի նկատմամբ կրկնակի մաքսային հսկողություն կիրառել: Այսինքն` անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողը գիտակցի` եթե մենք նրան վստահում ենք, փորձում խնայել նրա ժամանակն ու միջոցները մաքսային ընթացակարգերի պարզեցման հաշվին, ապա նույն բարեխիղճ վերաբերմունքն ակնկալում ենք նաև նրանից: Սակայն բիզնեսը դեռևս այնքան էլ պատրաստակամ չէ բարեփոխումներին ընդառաջ գալու հարցում. օրինակ, թեպետ գրեթե ավարտել ենք ինքնահայտարարագրման և բրոքերների ինստիտուտի ներդրման գործընթացը, սակայն գործարարներն առայժմ ցանկություն չունեն կամ դժվարությամբ են օգտվում ինքնահայտարարագրման համակարգից ու բրոքերների ծառայություններից:
 
- Պրն Խաչատրյան, վերջին շրջանում Հայաստանի մաքսային համակարգը լուրջ բարեփոխումների է ենթարկվել հատկապես տեխնիկական վերազինման առումով: Աշխատանքներ տարվու՞մ են` տեխնիկական նույն հագեցվածությունը նաև հարկային համակարգում ապահովելու համար:
 
- Բոլորովին վերջերս շատ կարևոր քայլ ձեռնարկեցինք այդ ուղղությամբ. անցում կատարեցինք հարկային մարմնի` տեղեկատվական նոր համակարգի. տեղի ունեցավ «Հարկատու 3» ավտոմատացված կառավարման համակարգի շնորհանդեսը:
Նոր համակարգն իրենից ներկայացնում է տվյալների կենտրոնացված շտեմարան, խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր: Այսպիսի համակարգի ներդրումը բարեփոխումների շղթայի հիմնական մեխանիզմն է: Առանց այս ծրագրի ներդրման հնարավոր չէր լինի լուծել բոլոր այն խնդիրները, որոնք մեր առջև դրել էր ՀՀ նախագահը, իրագործել այն դրույթները, որոնք մատնանշված են կառավարության գործունեության ռազմավարական ծրագրում: Այս ծրագրի կայացումը լավագույն մասնագետների համատեղ աշխատանքի արդյունք է: Տեղեկատվական նոր համակարգի նախագծման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ զարգացած երկրների փորձը: Այն մեզ հնարավորություն է տալիս տեղեկատվական հսկողություն իրականացնել հարկ վճարողների նկատմամբ, առանց տեղում այցելությունների և ուսումնասիրությունների հետևել ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ ՏՀՏ-ների աշխատանքին, բարձրացնել աշխատանքի արագագործությունը և արդյունավետությունը: Մինչ այժմ գործող կենտրոնական տեղեկատվական բազայում չկար առանձին հարկ վճարողին վերաբերող տեղեկությունների միասնական շտեմարան, որն առավել արդյունավետ կդարձներ հավաքագրված տեղեկատվության օգտագործումը: Դա հաշվի է առնվել նոր ծրագիրը նախագծելիս: Արդյունքում` «Հարկատու-3»-ը ներառում է յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Կոմիտեում գրանցման իսկ պահից տվյալների շտեմարանում կարտացոլվեն տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ կդառնա, թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է: Նորացված ծրագրի մյուս առավելությունն այն է, որ ներառում է ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգ: Այնինչ նախկին տեղեկատվական բազայում լիարժեք արտացոլված չէին հարկ վճարողների ոլորտները, ինչը, բնականաբար, սահմանափակում էր ամբողջական վերլուծություն կատարելու, ռիսկային ոլորտները որոշելու, ապա` կառավարելու հնարավորությունները: Նոր համակարգի գործարկմամբ նաև լիարժեք հնարավորություն է ստեղծվում` էապես կրճատել կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը` միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Ոչ միայն կրճատվում է մարդկային և ֆինանսական ներուժը, այլ նաև ստուգումները դառնում են թիրախային: Դա թույլ կտա ապահովել հարկային հսկողության թափանցիկությունը և օրինակելի դարձնել հարկատուների` հարկերը կամավոր վճարելու վարքագիծը:
«Հարկատու-3»-ի գործարկմամբ լուծում է ստանում հրատապ խնդիրներից ևս մեկը` հարկային հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային կառավարման համակարգն այսուհետ լինելու է պետական եկամուտների կոմիտեի կառավարչական հիմնական գործիքը, բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրելու ենք այդ համակարգի կայացման ուղղությամբ: «Հարկատու-3»-ի միջոցով շատ շուտով մեզ համար թափանցիկ է լինելու ցանկացած բիզնեսի յուրաքանչուր քայլը: Համակարգն էլեկտրոնային եղանակով կընդունի բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները, իսկ տեղեկատվական բազայում այդ հաշվետվությունների հաշվառման և համադրման հնարավորությունը զերծ կպահի հնարավոր կեղծիքներից: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ընդունման «Հարկատու-3» համակարգի ենթահամակարգը հնարավորություն է տալիս հարկատուին գործն ավարտել` առանց տարածքային հարկային տեսչություն այցելելու: Համակարգն, իհարկե, շահեկան է նաև պետության համար. այս առումով պետք է հատկապես ընդգծել հանրապետության ամբողջ տարածքից տվյալների անմիջական և միաժամանակյա մուտքագրումը կոմիտեի էլեկտրոնային շտեմարաններ, հարկատուների հետ շփման արագ և հուսալի միջավայրի ձևավորումը, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատումը: Ի դեպ, ասեմ, որ արդեն ունենք այդ համակարգի միջոցով լրացված առաջին էլեկտրոնային հաշվետվությունը. շնորհանդեսի ժամանակ այն լրացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Շատ մոտ ապագայում բոլորն անխտիր իրենց հաշվետվությունները կոմիտե կներկայացնեն էլեկտրոնային կապուղիների միջոցով` ընդհուպ մինչև փաստաթղթաշրջանառությունը:
Ես կարող եմ վստահորեն հայտարարել, որ այս համակարգը ոչ միայն չի զիջելու առաջատար երկրների նմանատիպ ծրագրերին, այլ նաև օժտված կլինի եզակի վերլուծական գործիքներով, որոնք բնորոշ են միայն Հայաստանի տնտեսությանը, այդ թվում` հարկային դաշտին:
 
- Պրն Խաչատրյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կարծես ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Միջազգային համագործակցությունը կարևորու՞մ եք: Ի՞նչ առաջընթաց և ձեռքբերումներ ունեք այսօր այդ մասով:
 
- Մոտ օրերս առանձին հուշագիր ենք նախապատրաստվում ստորագրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ` հարկային վարչարարության առանձին հարցերում օժանդակության և համագործակցության հարցերի շուրջ: Իհարկե, պետք չէ անտեսել նաև տարբեր երկրների իրավասու մարմինների հետ մեր հարաբերությունների կարևորությունը, ինչը իրականացվում է երկկողմանի պայմանավորվածությունների սկզբունքով: Այսպես, առաջավոր փորձի փոխանակման նպատակով օգոստոս ամսին մեր աշխատանքային պատվիրակությունը կլինի Ղազախստանում: Մինչև տարեվերջ այդպիսի այցեր ենք նախատեսում նաև Էստոնիա, և ամենայն հավանականությամբ, Չինաստան: Նաև աշխատանքներ ենք տանում այնպիսի երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ, որոնցից ներկրումն առավել մեծ ծավալներով է իրականացնում: Վերջերս համաձայնագիր ստորագրեցինք Իտալիայի մեր գործընկերների հետ` հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իտալիայի մաքսային ծառայությունն այսօր Եվրոպայում առաջատար է համարվում:
Այսօր մենք առավել փորձի փոխանակության կարիք ունենք` ժամանակակից տեխնոլոգիաները հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում ներդնելու ուղղությամբ, ինչում իհարկե անգնահատելի է ինչպես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այնպես էլ առանձին պետությունների հարկային և մաքսային մարմինների ձեռք բերված փորձը: Այդ նպատակով անդամակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդներին, ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ և հարկային օպերատիվ-հետախուզական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեին: Ակտիվ համագործակցում ենք նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ: Նրանց հետ առանձին ծրագրեր ենք իրականացնում վարչարարական, տեխնիկական աջակցության և օժանդակության տարբեր հարցերի շուրջ:
Պետական եկամուտների կոմիտեն անդամակցում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպությանը(ՀՄԿ), ակտիվ մասնակցում ՀՄԿ-ի և Եվրահանձնաժողովի տարբեր ծրագրերին: Ուստի, հաշվի առնելով այս ամենը, նաև համակարգում նկատվող լուրջ բարեփոխումները` Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն անձամբ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու նոր զարգացումներին և բարեփոխումներին: Նրան սպասում ենք այս տարեվերջին: