Կարգոների փակման մասին լուրն ապատեղեկատվություն է
 
Armlur.am կայքում տեղադրված տեսանյութի հերոսներին՝ հագուստի առևտրով զբաղվողներին, ՊԵԿ-ը վստահեցնում է՝ անհանգստանալու առիթ չունեն. բեռնափոխադրում  իրականացնող ընկերությունների գործունեությունը 2 շաբաթում դադարեցնելու մասին որևէ որոշում չկա և չի էլ եղել: 

Ինչպես արդեն հայտնել էինք լրատվամիջոցին, որն էլ հրապարակել էր մեր հաղորդագրությունը, կոմիտեի համար տարբերություն չկա՝ առևտրականներն ինչպես կկազմակերպեն ներկրումները՝ դիմելով բեռնափոխադրող ընկերությունների («կարգոների») ծառայություններին, թե՞ անձամբ մասնակցելով մաքսային ընթակարգերին. դա իրենց ընտրությունն է: Կարևորն այն է, որ երկու դեպքում էլ օրենքի նույն պահանջներն են կիրառվում և կիրառվելու, տարբերակված մոտեցումները բացառված են: Տեսանյութում հիշատակվող՝ մաքսազերծման ժամանակ մութ սխեմաներ գործի դնելու երևույթը բացառելու համար ՊԵԿ-ը ոչ թե հայտարարել է, որ բեռնափոխադրող ընկերությունները պետք է դադարեցնեն գործունեությունը, այլ, որ մաքսային ծառայության աշխատակիցներն ինչպես բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների, այնպես էլ առևտրականների հետ շփումներում պետք է խստորեն պահպանեն օրենսդրության բոլոր պահանջները, ինչի մասին լրատվամիջոցը տեղեկացվել է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ակտիվ երկոսությունը և ՊԵԿ-ի հետ պարզաբանել մաքսային ծառայողների կողմից կամայականության դրսևորման կոնկրետ փաստերը՝ դրանց ի հայտ գալու դեպքում:

Անտեղի է նաև ՓՄՁ-ներին ճնշելու վերաբերյալ տեսանյութի հերոսներից մեկի մտահոգությունը. ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր ընկերությունների նկատմամբ պահանջը մեկն է՝ գործել օրենքի շրջանակում: Հագուստ ներկրողները կարող են հանգիստ լինել՝ դա թանկացումների չի հանգեցնելու: 

Հարց է ծագում՝ ով է որոշել, որ կարգոները փակվելու են և հենց երկու շաբաթում: Հարցի մյուս կողմն է՝ ով է միտումնավոր տարածում ստահոդ լուրերը և առևտրով զբաղվողների շրջանում արհեստական մտահոգություններ առաջացնում: Իզուր է տեսանյութի հեղինակը իրավիճակի շուտ հանգուցալուծման հույս հայտնում. արհեստականորեն կերտվող իրավիճակն իրականում չկա, հետևաբար հանգուցալուծման խնդիր՝ նույնպես: Ակնհայտ է՝ կարգոների փակվելու մասին ԶԼՄ-ներով կեղծ լուրեր տարածողներն ինչ շահ են հետապնդում՝ օրենքի պահանջները պահպանելու վերաբերյալ կոմիտեի հորդորից հանրության ուշադրությունը շեղելով: