Newsbook.am կայքի հրապարակման վերաբերյալ
 
Newsbook.am կայքի` դեկտեմբեր 20-ի հրապարակման առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Արտաշես և Նունե Խաչատրյանների անձնական օգտագործման ավտոմեքենան ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան Բավրայի մաքսատանը կապարակնքվել և ուղարկվել է համապատասխան մաքսային մարմին, որտեղ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայում քաղաքացիների անձնական օգտագործման իրերն են, ինչից հետո բեռը առանց մաքսային վճարների գանձման բաց է թողնվել: 

Միաժամանակ տեղեկացնենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Միաժամանակ, Օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի: Օրենքի 249-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է մաքսային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից մաքսային մարմին պաշտոնապես տրամադրած` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը կարող է ներմուծվել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում: Միաժամանակ, Օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ հոդվածի համաձայն` վերոնշյալ արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն, ի թիվս այլ դեպքերի, ավելացված արժեքի հարկի վճարումից ազատվում է ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը, իսկ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` մաքսավճարի վճարումից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ին ընդունված համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հավելվածի 12-րդ կետի համաձայն` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք ազգային օրենսդրությամբ սահմանված` վերը նշված չափանիշներն ապահովելու դեպքում կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները` անկախ մաքսային արժեքից և քաշից:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» թիվ 1312-Ն որոշմամբ սահմանված են մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից առանց մաքսային վճարների վճարման ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը, համաձայն որի` ապրանքների համար նախատեսված բնաիրային սահմանափակումները հետևյալն են` կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:

Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ վերը նշված պայմանները բավարարելու դեպքում Օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի կողմից ներմուծված գույքն ազատվում է մաքսային վճարների վճարումից: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1461-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձն անձնական օգտագործման գույքն օրենքով սահմանված մաքսային վճարների արտոնությամբ ներմուծելու համար վերադաս մաքսային մարմին է ներկայացնում դիմում, որում նշում է տեղեկություններ տեղափոխվող ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ, կցելով համապատասխան փաստաթղթերը:

Ավելացնենք նաև, որ քաղաքացի Նունե Խաչատրյանը, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցչի հետ զրույցում, հավաստիացրել է, որ կատարվածը թյուրըմբռնման հետևանք է, քաղաքացու կողմից օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգերն անցնելն ընկալվել է որպես մաքսային վճարի վճարման պարտադրանք: